ՀՅԴ-ն բանակցում է ՀՀԿ-ի հետ. Ռուստամյան

8

ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ: Այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Դեռ բանակցությունների մեջ ենք: Ենթադրում եմ, որ այն համագործակցութունը, որի մասին տեղյակ եք, այդ համագործակցությունը պիտի շարունակվի, որովհետև ի վերջո դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, խնդիրների լուծմամբ էր պայմանավորված: Իսկ այն հարցերը, որոնք համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը դեռևս լուծված չէ: Եվ ուրեմն մեր խնդիրն է շարունակել ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես հասնենք այդ հարցերի լուծմանը»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ բանակցում են ՀՀԿ ու ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Հարցին, թե բանակցությունների մեջ ներառվա՞ծ է հարցը, որ ՀՅԴ-ին ավելի շատ պորտֆելներ տան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, մենք այս փուլում խոսում ենք նոր ստեղծված իրավիճակում մեր նոր որակով համագործակցության մասին»: 

Իսկ արդյոք հնարավոր է համագործակցություն և կոալիցիա մի ուժի հետ, որն այնպիսի ընտրություններ անցկացրեց, որի որակից անգամ ՀՅԴ-ն էր դժգոհ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք չենք կարող գործել մեր միջավայրից դուրս, Հայաստաում պետք է գործենք, ոչ թե Հայաստանից դուրս: Եվ ուրեմն այնպիսի գործիքներ պետք է ունենանք, որը հնարավորություն է տալու մեր առջև դրված խնդիրները լուծել»: