ՀՀ Զինուժն ի վիճակի է համարժեք պատասխան տալ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ

3

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին`նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Հաղորդում է «Արմենպրես»-ը:

Սեմերիկովի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ու անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  իրականացվող սադրանքներին։

«Նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդրի էությունը: Հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Եթե արձագանք չի եղել, ինչպես դուք եք ասում, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»,- ասել է նա: