Ով որքան կվճարի գազի համար հուլիսի 1-ից հետո. նոր որոշում

13

ՀԾԿՀ-ն քննում է գազի սակագնի վերանայման հարցը: Ըստ նախագծի՝ խոշոր բաժանորդների համար գազի սակագինը կբարձրանա:

«Եթե «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել հիմնական սպառողական խմբերը, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը և հնարավոր նվազ ասակագների սահմանումը»,-ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկեց գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն հասցնելով 165 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Սակայն ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Հանձնաժողովն առաջարկում է նաև թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:

Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը: Կառավարությունն առանձնացրել է նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա համար: