Հիտլերն ինքնասպան է եղել. գերմանացի զինվորներն այլևս մենակ են. արխիվային փաստաթղթեր են գաղտնազերծվել

59
ՌԴ պաշտպանության նախարարությունը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին ընդառաջ հրապարակել է Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ գաղտնազերծված պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային բանակի կողմից Բեռլինի գրավման գործողությանը:

Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, փաստաթղթերից մեկը մարշալ Գեորգի Ժուկովի կողմից ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ Ռեյխստագի գլխավոր շենքի գրավման և դրա վրա Միության դրոշի տեղադրման մասին զեկուցումն է:

Բացի այդ, հրապարակվել են բազմաթիվ ուշագրավ փաստաթղթեր առ այն, թե ինչպես են խորհրդային ջոկատները պայքարել թշնամու դեմ ու հաջողության հասել:

Արխիվային փաստաթղթերից մեկում Բեռլինի պաշտպանական ջոկատի հրամանատար Հելմուտ Վեյդլինգը պայքարը դադարեցնելու հրաման է տվել: Նա գրել է, որ «Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել և որ գերմանացի զինվորներն այլևս մենակ են»:

Ըստ մյուս փաստաթղթերի՝ խորհրդային զորքերը մայիսի երկուսին 34 հազար գերմանացի զինվոր և սպա են գերեվարել: