Մահակներով հեղափոխության՝ մահակներով ավարտը…դիմակները օդում…

12

Մաշտոցի պողոտա, խառնաշփոթ, պայթուցիկների ձայներ, մահակներով ծեծ, դիմակներ, ոստիկաններ, հատուկ ջոկատի ոստիկաններ, փողոցային հերթապահ ոստիկաններ, հեղափոխական կոչեր ու վախեցած անցորդներ: Թվում է, թե այսքանը բավական է հեղափոխություն անելու համար: Պարզվում է՝ ոչ: Այսօրվա «դիմակահանդես» հեղափոխությունը չկայացավ: Հարցերը շատ են, պատասխաններն՝ անորոշ: Թե ինչի էր որոշել Շանթ Հարությունյանը հեղափոխություն անել, թվում է, թե հասկանալի է. այսօրվա ծանր վիճակն ու իշխանության քայլերն են ստիպել, բայց  Հարությանը մինչև վերջին րոպեն «չէր ուզում» ասել, թե ինչպես է հասնելու մտքին դրածին: Թե հեղափոխելուց հետո ի՞նչ էր անելու, ի՞նչ ծրագրեր կային, դա էլ էր գաղտնիք: Այսինքն՝ հեղափոխություն է անում ու մի կողմ քաշվում, հավանաբար ուղղորդվելով այն կարգախոսի վրա, որ հեղափոխություն անում են նվիրյալները, սակայն վայելում են պոռնիկները: Բայց սա քիչ հավանական էր… Ինչո՞ւ էր Հարությունյանը «Ազատության» հրապարակից  գոչում, որ նախագահականն է այրելու, բայց հետո բողոքում, որ ոստիկանները եկան դա էլ է անհասկանալի, չէ՞ որ նրանց սուրբ պարտքն է «թագավորին» պաշտպանելը: Ինչո՞ւ ոստիկանները թույլ տվեցին, որ Շանթն ու իր ցուցարարները մահակներով դուրս գան Մաշտոցի պողոտա, սա է ամենամեծ հարցն է: Մի՞թե կրկին բարեհոգի էին  իրենց ձևացնում ոստիկանները, թե ուրիշ այլ նպատակ կար: Եթե մահակա կա, նշանակում է երթը խաղաղ չի կարող լինել, ապա հարգելի՛ ոստիկան, ինչո՞ւ եք հապաղում ու թույլ տալիս, որ ամեն ինչ այդպես վերջանա, արգելեիք դուրս գալ: Ա՜խր, դուք շա՜տ «մեծահոգի ու դեմոկրատ եք» … Հետո պայթուցիկները, դրանց նպատակը որն էր՝ վախեցնել ոստիկաններին, թե ժողովրդին…. Մի՞գուցե Հարությունյանի գլխին սարքեցին հենց իր շրջապատից, մի՞գուցե ամեն ինչ սարքված էր ի սկզբանե, որ ժողովրդին շեղեն կամ գուցե ոգևորեն, կամ մի՞գուցե հեղափոխություն էր, որը վիժեցվեց, ինչպես ճիշտ նկատեց ընկերներիցս մեկը: Հարցեր, որոնց պատասխաններ ստանալը կարևոր է:

Թերևս հաճախ ենք լսում հեղափոխության կոչեր, հիշո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ուզում էր անել, Րաֆֆի Հովհաննիսյան էր ուզում այս տարի հեղափոխել, հիմա էլ Շանթ Հարությունյանի հեղափոխությունը…բոլոր այս հեղափոխություններն ավարտվում են ոստիկանության մահակներով… Եվ կրկին հիասթափություն… Ինչ վերաբերվում է նրան, որ 100 հոգով չէին կարող իրագործել հեղափոխություն, ապա խիստ սխալվում են, ճիշտ ծրագրի, հավատարիմ թիմի ու ազգային գաղափարախոսությամբ բնավ հնարավոր էր, բայց այս պարագայում բացակայաում էին այս բոլոր 3-ը:

Հեղափոխություն պետք է մեզ, քանզի այս ճահիճից միայն այդ կերպ է հնարավոր դուրս գալ, բայց հարկավոր է մտածել և ճիշտ գործել, ոչ թե դպրոցականի պայթուցիներով դուրս գալ՝ հեղափոխության իմիտացիա անելով: Անցել է դիմակների ժամանակը…