Հերթական հարձակումը. Ռուսական Վլադիմիրում ցանկանում են քանդել Գարեգին Նժդեհի գերեզմանը

75
ՌԴ-ում գործող «Ստոպ ֆաշիզմին» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմել են Վլադիմիրի քաղաքապետարանին՝ առաջարկելով Վլադիմիրի գերեզմանատնից հանել Գարեգին Նժդեհի դատարկ գերեզմանը, գրում է «Росбалт»-ը։

Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել դեռևս հունիսի 19-ին «Росбалт» լրատվական գործակալության կազմակերպած «Պատերազմի մասին հիշողությունը և հիշողության պատերազմները ժամանակակից Ռուսաստանում» առցանց կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ, ԱԴԾ պահուստային գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովը, ինչպես նաև «Ստոպ ֆաշիզմին» նախաձեռնության անդամները։

Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ է եղել նաև Գարեգին Նժդեհին ու նրա գերեզմանին։

Մասնավորապես, «Ստոպ ֆաշիզմին» նախաձեռնության անդամների կողմից ստորագրված դիմումում նշվում է, որ Նժդեհի դատարկ գերեզմանը դարձել է հիշատակի միջոցառումների անցկացման վայր, որում իրենց մասնակցությունն են ունենում Վլադիմիրի ու Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

Ըստ աղբյուրի՝ ռուսների համար նաև անընդունելի է, որ Նժդեհի գերեզմանը ներառված է տուր-փաթեթներում, որոնք կազմակերպվում են Հայաստանից ժամանած ու Ռուսաստանում ապրող հայերի համար։

Այսպիսով, քաղաքացիական նախաձեռնության անդամները Վլադիմիրի քաղաքային իշխանությունների առաջ բարձրացրել են Նժդեհի դատարկ գերեզմանի քանդման հարցը ու դիմում ներկայացրել։

Հիշեցնենք, որ նախրդ տարի Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել էին Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որ վանդալիզմի էր ենթարկվել Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից: