Հեմոդիալիզ ստացող 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

6

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ԲԿ-ից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր:

«47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը: Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում»,- ասված է հաղորդագրությունում: