Հայաստանը կօգտագործի վետոյի իրավունքը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության դեպքում. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

10

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելուն հաջորդել է կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ, այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության 6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- մանրամասնեց Նաղդալյանը:

Խոսելով ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության մասին՝ Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը կօգտագործի վետոյի իրավունքը, եթե Ադրբեջանը հայտարարի ՀԱՊԿ-ին անդամակցելու իր մտադրության մասին: 

ՀԱՊԿ-ի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի դեպքում, որոշումներն ընդունվում են մասնակից երկրների կողմից փոխհամաձայնության հիման վրա: «Հայկական կողմը հայտնել է իր կարծիքը: Չեմ կարծում, որ այն առիթ է տալիս երկակի մեկնաբանության համար»,- հավելեց ԱԳՆ ներակայացուցիչը: