ՀԱՊԿ-ն անհրաժեշտ ողջ զինանոցն ունի անդամ երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Բորդյուժա

12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ ողջ զինանոցն ունի արտաքին սպառնալիքի դեպքում կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Հայտարարել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Բորդյուժան ասել է, որ ներկայում Կենտրոնական Ասիայի երկրների համար սպառնալիք գոյություն ունի նախ և առաջ Աֆղանստանի կողմից:

Դրա հետ մեկտեղ նա նախազգուշացրել է, որ կազմակերպությունն անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցներն ունի ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Բորդյուժայի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի բավական թվով արագ հակազդման ստորաբաժանումներ և 22 հազար զինծառայողներ:

Ինչպես նշել է Բորդյուժան, ՀԱՊԿ-ի ստորաբաժանումներին երեք օրից ավելի չի պահանջվի հակամարտության շրջանում իր ուժերի լայնամասշտաբ ծավալման համար: