ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Այս պարագայում պետք է ծառայեն նաև ՀՀ քաղաքացու անվտանգությանը, նաև հանրային անվտանգությանը: Հետևաբար՝ հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պայմաններում պարզապես անհրաժեշտություն է: Մենք չենք կարող վարակի նման աճ արձանագրվելու կամ դրա գոյության պարագայում իրականացնել հանրաքվե:
Կարծում էի՝ այս ամենը պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար: Կարծում եմ՝ նրանց մտահոգությունն ավելի շատ պայմանավորված է ոչ այնքան հանրաքվեի չեղարկումով, այլ ամեն ինչ առնչվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին: Մենք այդ մասին ասել ենք և չենք թաքցնում, որ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը և ՍԴ-ի մոդելը համապատասխանեն իրար»,- նշեց Լիլիթ Մակունցը:











