«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը պետական անվտանգության հարց է. Վահագն Հովակիմյան

7
Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, ինչը Հայաստանի անկախ պարմության ընթացքում չի եղել: Նշանակված հանրաքվեի պայմաններում կառավարությունը ստիպված եղավ արտակարգ դրություն հայտարարել, և հանրաքվեն չկայացավ. այսօր Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ նշեց նախագծի հեղինակ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրության 208 հոդվածը նախատեսում է, որ ռազմական և արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ ի՞նչ է տեղի ունենում, այս դեպքում, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման: Բայց մենք ունենք իրավիճակ, որ այդ կարգավորումը որևէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ նրա, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո: Բայց այստեղ խնդիր կա՝ ինչպե՞ս է շարունակվելու հանրաքվեն»:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելով՝ երկու խնդիր է լուծվում: Լուծվում է հանրաքվեի գործունեության կանոնակարգման հարցը և ավելացվում է հնարավորություն ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում նշանակված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրումը: Ինչը, նրա համոզմամբ, խիստ անհրաժեշտություն է, պետական անվտանգության հարց է:

Հովակիմյանը նշեց, որ դեռևս չգիտեն՝ համավարակը ինչքան է շարունակվելու, և արտակարգ դրությունը երբ է դադարելու, բայց կարգավորումները պետք են հանրաքվեի իրավական կարգավորումներ ունենալու համար: Նա առաջարկեց նախագիծը ԱԺ-ում քննարկել 24-ժամյա ռեժիմով, քանի որ անորոշ վիճակ է, և չի կարող երկար շարունակվել։

Առաջարկն ընդունվեց: