Հայ որբերի գորգի ցուցադրումը Թուրքիայի համար ուղերձ է.Թուրքական մամուլ

11

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:

Մասնավորապես թուրքական «Elazigdanhaber» կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը  կարելի է դիտարկել  Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար:  Որպես այս տեսակետի հիմնավորում` նշվում է, որ  հայ որբերի գորգը  Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից: