Հայ ազգի երեք դժբախտությունները…

12

Հայաստանի բոլոր երեք նախագահների պատկերացումներն ու մտքի թռիչքը այս մեկ շաբաթվա ընթացքում զգացինք մեր սեփական մաշկի վրա: Նախ, Սերժ Սարգսյանի Աստանային հաջորդած ծաղկաձորյան հայտարարությունն էր, հետո Ռոբերտ Քոչարյանի պատկերացումների շարանը, իսկ այսօր ականատես եղանք Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին: 

Նախ, սկսենք Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան նոնսենսից:

Աստանայից վերադարձած և տհաճություն ապրած նախագահ Ս. Սարգսյանը, որոշել էր սիրտը բացել ՀՀԿ-ական երիտասարդների առջև և այնքան էր անկեղծացել, որ բացի իր տհաճության զգացողության մասին պատմելուց, խոսեց նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին, ինչպես նաև այդ նույն միություն առանց Արցախի գնալու շուրջ: Եվ զավեշտի գագաթնակետն այն էր, որ Ս. Սարգսյանը հայտարարեց ի լուր աշխարհի, որ Արցախը Հայաստանի մաս չէ և չի էլ եղել: Մի կողմ թողնենք նման հայտարարության բարոյահոգեբանական չափազանց խայթող կողմերը: Քանզի Ս. Սարգսյանի այս հայտարարությանը պետք է բազմաթիվ հարցեր հաջորդեին, ոչ թե՝ ով ինչպես է մտածում այդ հարցի շուրջ, այլ ավելի խորքային հարցեր, այդ դեպքում ինչո՞ւ եք դուք պրն. Սարգսյան զբաղվում Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ (վերջին շրջանում պաշտոնական հաղորդագրություններում այդպես է գրվում), ինչո՞ւ եք Հայաստանից զինվորներ ուղարկում Արցախի սահմաններ, ֆինանսավորում, ինչո՞ւ, չէ՞ որ ինքերդ գտնում եք, որ Արցախը Հայաստանի մաս չէ: Եվ այլն և այլն, ցավոտ հարցերի շարան: Նույնիսկ ամոթալի է խոսել այս հարցերի մասին, երբ տեսնում ես Սարգսյանի գլխում եղած տարողության բաղադրությունը, որ նա ինքը չպետք է թույլ տար նման արտահայտություն, կամ եթե մտքի ծայրով էլ անցնում էր, թող բարձրաձայն չարտահայտվեր: Նման խոսքերը դեմ են մեր երկրի շահերին և ընդհանրապես Արցախի ապագայի համար: Ինչը, ցավոք, Ս. Սարգսյանը մոռացել է:

Հետո լրատվական դաշտում սկսվեցին հեղեղվել Գալուստ Սահակյանների շարքի հայտարարությունները, ով ինչ է մտածում, արդյոք Արցախը Հայաստանի մաս է, թե ոչ: Բոլորը կարծես մի պահ կասկածի տակ էին ընկել հիմա Արցախը Հայաստանի մաս է, թե ոչ: Ոմանք կարողացան դիվանագիտորեն շրջանցել՝ ասելով, որ Արցախի երաշխավորն է Հայաստանը: Էլի հարցեր են ծագում: Այդ երբվանից է Հայաստանը սկսում երախավոր դառնալ «իրեն մաս չկազմող» տարածքներին, ֆինանսավորել, պաշտպանել, երբ ողջ աշխարհին 4 մլրդ դոլար է պարտք, չհաշված մուրացկանի կերպարը: Պրն. Սահակյան, մի՞թե Հայաստանը-Արցախին կապող միակ բանը երաշխիքն է: Այս հարցին թերևս պետք էլ չէ, որ նա պատասխանի: Այս բոլոր նողկալի պատասխանների շարքն արդեն իսկ բավարար է:

Հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի խոսնակը խոսեց՝ փորձելով Ս. Սարգսյանի ասածներին հակադրել Ռ. Քոչարյանի պատկերացումները, համաձայն որոնց՝ Արցախը Հայաստանի մաս է: Պատկերացնո՞ւմ եք: Տեսնո՞ւմ եք՝ ինչ մեծ սիրտ ունի Ռ. Քոչարյանը: Բայց կրկին ընդգծենք, որ սրանք ընդամենը Քոչարյանի պատկերացման արդյունքն են:

Այսօր վերջապես խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Լ. Տեր-Պետրոսյանը կետ առ կետ անդրադառնում է Սերժ Սարգսյանի վերջին երկու ամիսների ընթացքում ծավալած «քաջագործություններին», Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն, Մաքսային միությանը ձայնազուրկ միանալուն, Ցեղասպանության 100-րդ տարելիցը սխալ դիմավորելուն: Լ. Տեր-Պետրոսյանը նույնիսկ անդրադառնում է Աստանայից հետո Ս. Սարգսյանի տհաճ զգացողություններին, սակայն չի էլ անդրադառնում ՀՀ նախագահի չարաբաստիկ արտահայտությանը: Այսինքն՝ այս մի հարցում, ցավոք, առաջին և երրորդ նախագահները համամիտ են: Եվ ամենազավեշտալին այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանը, լինելով երկրի առաջին նախագահ, ներկայանալով իբրև թե մտահոգ և հայ ժողովրդի ճակատագրով հետաքրքրված մարդ, այսքան սոսկալի իրադարձությունների ֆոնն օգտագործում է Գագիկ Ծառուկյանին հաճոյանալու համար: Մեջբերում եմ՝ «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով»։ Պատկերացնո՞ւմ եք, Լ. Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին՝ երկրի թալանողներից մեկին, զգուշացնում է, որ իր ձեռք ու ոտքը կապել են Հովիկ Աբրահամյանի նշանակումով: Առաջին Նախագահը Գ. Ծառուկյանին այնքան է կարևորում, որ նրան հավասարեցրել է մի ողջ ժողովրդի հետ և առանձնացնելով՝ նույնիսկ ավելի բարձր գնահատել Ծառուկյանի արժեքները: Եվ ո՞ւր մնացին 2008թ-ի ընտրություններից հետո Ազատության հրապարակի բեմից հնչող հայտարարությունները, օլիգարխիային վերջ դնելու կոչերը, այն պաստառները, որոնց վրա առկա էր նաև Ծառուկյանի լուսանկարը, վերջապես մարտի 1-ը, որի ժամանակ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի կուսակցությունը, կառավարությունում մաս էր կազմում: Լ.Տեր-Պետրոսյանը ամնեզիա ունի: Նա նսեմացրեց և՛ հայ ժողովրդին, և՛ Արցախը, և՛ տիրող իրավիճակը: Այլևս պարզ է, նա այսօր աշխատում է Ծառուկյանի իմիջի համար, ոչինչ ավելին:

Որքան սարսափելի է, երբ 25 տարվա ընթացքում երկիրը կառավարում են մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն իրենց երկրի քաղաքացիների շահերով, նսեմացնում ու ստորացնում են հայ ժողովրդին՝ բոլոր հնարավոր ռեսուրսներն օգտագործելով սեփական շահերի համար: Երեք նախագահ, ովքեր Հայաստան երկիրը մասնատեցին և վաճառեցին, ամեն մեկն իր պատկերացումով: Այս բոլոր տարիների ընթացքում մեզ խաբել են ոչ թե, որ լավ է լինելու, այլ խաբել են իրենց պատկերացումների շրջանակում: Մեզ խաբել են Արցախյան ազատամարտի տարիներին և ստորագրել մի պայմանագիրը, որով Արցախը օդում է մնացել, խաբել են, որ անկախ ենք, խաբել են, որ ռուսը լավն է, խաբել են, որ եվրոպական արժեքներն ամենաճիշտն են և, ի վերջո, խաբել են, որ իրենք են մեզ ղեկավարում: Այս երեք պարոններից յուրաքանչյուրը տեր ունի, ում կողմից հովանավորվում է, չնայած բոլորն էլ նույն առվի ջրից են խմում, որն օգնում է թունավորել հայի կյանքը: Այս երեքը չգիտեն հայրենիքն ինչ է, ազգն ինչ է, Արցախը Հայաստանի մաս է, թե ոչ, Ցեղասպանությունն ինչ է, թուրքն ով է և ինչպես պետք է երկրի վիճակը շտկել: Ուզում ենք միայն նշել, որ Արցախը Հայաստանի մաս է, այդպես եղել է և լինելու է: Եվ չկա մի հայ ում մտքի անգամ ծայրում հղանա գաղափար, որ Արցախը Հայաստանի մաս չէ:

Ստրուկի հոգեբանություն ունեցող մարդիկ հազիվ իրենց պատկերացումներով կարողանան շարժվել՝ չունենալով ապացուցելու կարողություն, կամ միգուցե ցանկություն:

Պետք է ազատվել ստրկամիտ ղեկավարներից: