Հունաստանի խորհրդարանում երեքշաբթի վերսկսվել են քննարկուները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ:
«Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է, որ «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող և 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Ակնկալվում է, որ քառօրյա քննարկումներից հետո՝ ուրբաթ օրը, օրենքի նախագիծը քվեարկության կդրվի: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը արգելելու հարցում պահպանողականների գլխավորած կառավարությունը հանդիպում է ձախակողմյան ընդդիմության և որոշ օրենսդիրների դիմադրությանը: Վերջիններս չեն ցանկանում, որ նման կետ ընդգրկվի օրինագծում:
Օրինագիծը նախատեսվում է քվեարկության դնել շաբաթավերջին:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ շաբաթ էր օրինագիծը դրվել քննարկման, սակայն Հունաստանի խորհրդարանը հետաձգել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս էր եկել խորհրդարանի նախորդ շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ տեխնիկական որոշ խնդիրների հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:











