Բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը՝ ի պատասխան թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար կուսակցությունից հեռացնելու առիթով պահանջներին շեշտել է՝ Հայոց ցեղասպանության հետ չեն խաղում:
Բելգիական «La Libre» պարբերականի փոխանցմամբ, Օզդեմիրը Թուրքիայից տեսաուղերձ է ուղարկել՝ տեղեկացնելով որոշումը «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության քաղխորհրդում բողոքարկելու մասին, սակայն, Բենուա Լյուտժենի խոսքով, նրա վերականգնումն իրական չէ:
Լյուտժենը հիշեցրել է, որ ցեղասպանությունը կատակ չէ, դա մի ամբողջ ժողովրդին ոչնչացնելու ցանկություն է:
Նշենք, որ Բելգիայի «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցությունն իր շարքերից հեռացրել է թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար: Ավելի վաղ կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը հայտարարել է, որ կուսակցությունում այդ փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն:











