Հայաստանում կհայտնվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ

16

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանին:

Հաղորդվում է, որ նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով:

«Զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության և Գյումրիում ռազմական կայազորում օբյեկտների պահպանության համար ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Անձնակազմը կստանա հատուկ տեխնիկա և կզինվի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից և զինվորներից:

Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչև ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաև ռազմական ոստիկանության ևս մի ստորաբաժանում ձևավորել Երևանի ռազմական կայազորում: