Հայաստանում ծնելիությունը կրկնակի նվազել է. Տարեկան 3000 աղջիկ չի ծնվում

30

Հայաստանում ծնելիությունը գրեթե կրկնակի չափով նվազել է, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Սակայն, ըստ բանախոսի՝ԱՊՀ երկրների համեմատ մեզանում կա ծնելիության կայունացում: 

«Ծնելիության նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով, և այս հարցը հիմնախնդիր է գրեթե ողջ աշխարհում: Վերջերս արվել է հետազոտություն և հարցվածների քառորդ մասը նշել է, որ դա սոցիալական խնդիրներով է պայմանավորված, մյուս մասը՝ կարիերայով»,-ասաց նա:

Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ տարեկան Հայաստանում 3000-ից ավել աղջիկ չի ծնվում:

«2060թ-ին ավելի քան 70 հազ. աղջիկ ծնված չի լինի: Ընդհանրապես աշխարհում նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է կազմի 100-ը 104-105-ի, սա նորման է, սակայն Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 100-ը 114-ի: Այս պահին 25-30 տարեկան տղաների ու աղջիկների քանակը հավասարված է, սակայն մոտ 20 տարի մենք կարող է դեմոգրաֆիական խնդիր ունենանք՝ պակասեն մայրերը»,-ասաց նա: