Հայաստանում թուրք գործարարը շենք է կառուցում և ընդգծում է, որ այստեղ անհավատալի փողեր կան

12

Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգը» պարզվում է՝ Հայաստանում նույնպես գործունեություն է ծավալում: Եվ Հոլդինգի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը թուրքական «Սաբահ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ հետագայում մեծ պլաններ ունի Հայաստանի հետ կապված և նախատեսում է Հայաստանում՝ շինարարական ոլորտում, ընդլայնել իր գործունեությունը: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

«Հիմա Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Այնտեղ գործարարությամբ զբաղվող  առաջին թուրքն եմ: Փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ»,- ասել է Օզթյուրքը:

«Սաբահ»-ը տեղեկացնում է, որ թուրքական նշյալ ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները:

Ի դեպ, նշենք, որ թուրք գործարարը միակ թուրքը չէ, որ Հայաստանում բիզնեսով է զբաղվում: