Հայաստանն աշխատելու է խաղաղության համար. Զ. Մնացականյան

5

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, ու շարունակելու է պահպանել իր պարտավորություններն ու աշխատել խաղաղության համար: Այս մասին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

«Մենք առաջ ենք բերել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին: Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և դրա կարևորությունը՝ արդյունավետ աշխատելու համար։ Վստահ եմ՝ վարչապետի ելույթը լսել եք, այնտեղ եւս շատ հստակ արտահայտված է նույն միտքը, որ որևէ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել։ Հայաստանն աշխատելու է խաղաղության համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խոսել ենք, ԱԳՆ-ի հայտարարություն է եղել այդ առումով: Այսօրվա հանդիպումը նույնպես միտված էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանությունների հետ»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։