Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները աշխատում են լուրջ աշխատանքային առաջարկների շուրջ. Ուորլիք

12

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները աշխատում են շատ լուրջ աշխատանքային առաջարկների շուրջ, «Ամերիկայի ձայնին» հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Պետք է ասել, որ նախագահները աշխատում են շատ լուրջ աշխատանքային առաջարկների շուրջ: Իհարկե այդ աշխատանքային առաջարկների վերաբերյալ կա՛ն տարաձայնություններ: Ոչ ոք լիարժեք համաձայնություն չէր էլ ակնկալում, բայց երկու կողմերը, իսկ ավելի որոշակի՝ երկու նախագահները համաձայնել են շարունակել աշխատանքները այդ առաջարկների շուրջ»,- նկատել է համանախագահը:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայում ու Պետերբուրգում վերջին բանակցությունների արդյունքները՝ ամերիկացի դիվանագետը հավելել է, որ պետք չէ վաղաժամ առաջընթաց ակնկալել:

«Մենք հույս չունենք, որ այս հակամարտությունը կկարգավորվի նախագահների մեկ կամ երկու հանդիպումների արդյունքում, բայց առաջընթացը ապահովված է, ու մենք պետք է հետևողական լինենք»,- նշել է Ուորլիքը:

«Առաջին հերթին դա նախագահների կողմից վերահաստատված համաձայնությունն է հրադադարի պահպանմանը, քանի որ միայն շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության ու կայունության պահպանման հարցում վստահ լինելու դեպքում է հնարավոր այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է առաջընթացի համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ Վիեննայում բանակցություններից հետո կողմերը պահպանել են հրադադարը:

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ նախագահները նաև հաստատել են իրենց համաձայնությունը՝ վստահության ու կայունության ստեղծմանն ուղղված որոշակի միջոցառումներին՝ բանակցությունները շարունակելու համար:

«Մասնավորապես երկու կողմերն էլ հավանություն են տվել ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը ու մենք կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածությունների կատարումը, ու ես կողմերին կոչ կանեի վերջնականապես համաձայնեցնել բոլոր մանրամասները, հաստատել առաքելության ընդլայնումը ու առաջ շարժվել»,- նկատել է Ուորլիքը: