Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն. Բորդյուժա

10

Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը,  հայտարարել է  Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ  ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը և կայունությունը երկրում:

«Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պետությունը պետք է անձամբ դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով: Եթե պետությունը դիմում է նման խնդրանքով, Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է այդ երկրին օգնություն տրամադրելու հարցը: Դա կարող է լինել քաղաքական, ֆինանսական, կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է Անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարևոր հանգամանքն է, որ պետք է պետությունն անձամբ օգնության խնդրանքով դիմի»,- հավելեց նա: