Հայաստանը ամենաշատ սպառազինություններ ունեցող երկրների շարքում 3-րդ տեղում է, այս մասին է վկայում Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնի կողմից հրապարակված «Գլոբալ սպառազինությունների ինդեքս 2014» հերթական ամենամյա զեկույցը:
Զեկույցում ներառված են 151 երկրներ, և սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում երկրի ՀՆԱ-ում ռազմական և առողջապահական ծախսերի, ինչպես նաև ծանր տեխնիկայի ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Ըստ այդմ` երկրները գնահատվում են 0-1000 միավոր, որտեղ աճը դեպի 1000 նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառազինություններ ունի, իսկ դեպի 0` հակառակը:
Այս տարի Հայաստանը զեկույցում երրորդ տեղում է 783.0 ընդհանուր միավորով: Նախորդ տարի Հայաստանը զեկույցում չորրորդ տեղում էր` 724. 12 միավորով: Առաջին տեղում է Իսրայելը` 831.6 միավորով, իսկ երկրորդում Սինգապուրն է` 801.0 միավորով: Ըստ ինդեքսի` տասը ամենառազմականացված երկրների թվում են նաև Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը` 10-րդ տեղում` 746.2 ընդհանուր միավորով:
Վրաստանը ինդեքսում զբաղեցրել է 47-րդ տեղը, Թուրքիան` 27-րդը, Իրանը` 30-րդը, ԱՄՆ-ն` 31-րդ տեղը: Ինչպես նշվում է, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա:
Զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց սպառազինությունները: Հայաստանի դեպքում ռազմական ծախսերը կազմում է ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, իսկ Ադրբեջանի դեպքում` 5.4 տոկոսը: Ըստ զեկույցի` ռազմական ծախսերը Հայաստանում նախորդ տարի կազմել են 427 մլն դոլար, իսկ Ադրբեջանի պարագայում` այն հասել է 3.4 մլրդ-ի, ինչպես նշվում է զեկույցում, առավելապես ի հաշիվ էներգակիրներից ստացվող դոլարային եկամուտների: Համաձայն զեկույցում հնչեցված գնահատականի` այս իրավիճակից ելնելով Ադրբեջանը փորձում է ազդել հակամարտության կարգավորման ընթացքի վրա` ի հաշիվ իրեն:
Նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը զենք առավելապես ձեռք են բերում Ռուսաստանից, սակայն երկու երկրները նաև փորձում են դիվերսիֆիկացնել սպառազինությունների ձեռք բերման աղբյուրները:











