Հայաստանը ՌԴ համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր. ՌԴ դեսպան

10

Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին է ասել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով ռուսական զենքի վաճառքի մասին հարցին, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«Խոսքը բացարձակապես հավասարության մասին չէ, բանն այն է, որ Հայաստանը ՌԴ համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Դրանք միանգամայն տարբեր մակարդակներ են և հավասարության նշանի մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով վերջին օրերին Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներին` դեսպանը նշել է, որ այժմ երկու երկրների հարաբերություններում գերիշխում են զգացմունքները, սակայն «ռուս-հայկական հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմություն ունեն, շատ դժվար է խարխլել»:

«Այո, կարող են լինել դժգոհություններ, թյուրըմբռնում, բայց դա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ այլ փուլ կանցնեն: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական շփման մեջ են, կարծում եմ, որ միշտ է այդպես լինելու»,-ասել է Վոլինկինը