Հայաստանը մտադիր է վավերացնել ԱՊՀ արձանագրությունը քրեական գործերով ապացույցների փոխանակման վերաբերյալ

16

Այս արձանագրությունը ստորագրվել է հոկտեմբերի 11-ին Սոչիում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրամասերի, հրազենի, դրա հիմնական մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի տեսքով ապացույցների փոխանակման եւ փոխանցման մասին» արձանագրության վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:

Ըստ նրա՝ արձանագրության նպատակը համագործակցության ամրապնդումն է զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: «Փաստաթղթի շրջանակներում կողմերը համագործակցում են նյութական ապացույցները փոխանցելու հարցում», – պարզաբանեց Եսայանը:

Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանը Արձանագրությունը վերապահությամբ է ստորագրել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը այդ պարտավորությունները չեն առնչվելու Ադրբեջանի հարցումներին:

Ինչպես նշեց փոխոստիկանապետը, փաստաթղթով սահմանվում է զենքի եւ զինամթերքի փոխանցման մասով քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման կարգը: ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինները կարող են հարցումներ ուղարկել եւ ստանալ այդպիսի իրեղեն ապացույցների փոխանցման վերաբերյալ, կազմակերպել այդպիսի հարցումների օպերատիվ կատարումը եւ ապահովել փոխադրումը:

Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: