Հայաստանը հուլիսի 1-ին կմիանա Եվրասիական միությանը, բայց ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Արցախի

5

Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը:

Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, և Հայաստանը կարող է մինչև հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը:

Սակայն Հայաստանը կարող է ստորագրել պայմանագիրը, եթե համաձայնության գա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Վերջինս կողմ է Հայաստանի միանալուն միայն, եթե Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով հանդես գա, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Նազարբաևը ընդգծել է, որ չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:

Ի դեպ, Նազարբաևի առաջարկը հիմք ուներ, ըստ որի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Նազարբաևը շեշտեց, որ Ադրբեջանի նախագահը նույնպես դիմել է Եվրասիական տնտեսական միության ղեկավար երկրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը ԱՀԿ-ին ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով է միացել:

Սակայն այս անգամ ևս հայկական կողմը որևէ ձևով չառարկեց և որևէ մեկնաբանություն չարեց:

Հ. Գ. Իրականում Ադրբեջանը ոչ կապ և ոչ էլ ցանկություն ունի Եվրասիական տնտեսական միությանը միանալու, սակայն պարզվում է՝ նա ունի խոսքի իրավունք: