Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Վոլինկին

6

«Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- այսօր տարածած հայտարարությունում վստահություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը։  

«Հայկական և ռուսական իրավասու մարմինները համատեղ քննություն են իրականացնում։ Քննությունը կլինի օբյեկտիվ և բազմակողմանի։ Ես դրանում կասկած չունեմ»,- ասված է դեսպանի տարածած հաղորդագրությունում, որում նա դիմել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։

«Հայ-ռուսական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ հաղթահարել ենք առաջացած դժվարությունները համատեղ ուժերով՝ աջակցելով մեկս մյուսին։ Հավատում եմ, որ այդպես կլինի նաև հիմա»,- ասել է Վոլինկինը։

«Եվս մեկ անգամ կուզենայի ցանկացած նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող այս հանցավոր արարքի անմեղ զոհերի հարազատներին և մերձավորներին ցավակցություն հայտնել։ Նման գազանությունները արդարացում չունեն։ Չունեն ազգություն, ոչ էլ պետական պատկանելություն։ Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են եղբայրական Հայաստանի ժողովրդի կորստյան ցավը և սգում են նրա հետ միասին»։