Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ. Սամվել Կարապետյան

9

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նոր սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել:

Նա հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝  հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա: 

«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝  այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

«Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝  էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի  մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը: Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար»,- «ՀԷՑ»-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն` նշել է Սամվել Կապարետյանը: