Համարժեք պատասխանի սպասելիս. Ինչո՞ւ միշտ լռել

16

Հայկական ՄԻ 24 ուղղաթիռի կործանումը թշնամու կողմից դեռևս ամենացավոտ և քննարկվող թեմաներից է: Ուղղաթիռը ադրբեջանցիները կործանեցին նոյեմբերի 12-ին, բայց մինչ օրս ուղղաթիռին չի կարողանում հայկական կողմը մոտենալ, և որևէ տեղեկություն չկա անձնակազմի 3 անդամների մասին:

Հիմա հարցը դիտենք այլ տեսանկյունից, և թե համապատասխան օրինակներն ինչի են հանգեցրել այլ երկրներում:

Այս տարվա հուլիսին, երբ լուրեր տարածվեցին, որ Իսրայելում 2 անչափահաս երեխաներ են առևանգվել և սպանվել պաղեստինցիների կողմից, ողջ աշխարհը թնդաց: Համաշխարհային լրատվամիջոցները օր ու գիշեր էկրանից չէին հեռացնում սպանվածների նկարները, ու որ պաղեստինցիները անմեղ երեխաներ են սպանում, ինչու է իբր թե աշխարհը աչք փակում և նմանատիպ սրտաճմլիկ պատմություններ: Օրեր անց Իսրայելը ռմբակոծեց Գազան և շուրջ երկու ամիս ամեն օր ռմբակոծում էր: 2 իսրայելցու մահը, որն այդպես էլ չտեսանք թե որ պաղեստինցին էր համարձակվել սպանել, պատճառ դարձավ իսրայելա-պաղեստինյան դարավոր պատերազմի վերսկսմանը: Այդ ամիսների ընթացքում Գազայի տարածքում հազարավոր մարդիկ զոհվեցին: Ի դեպ, «խեղճ» իսրայելցիները ռմբակոծում էին հիմնականում Գազայի դպրոցներն ու մանկապարտեզները: Եվ այս միջադեպի զոհ դարձան հազարավոր փոքրիկ երեխաներ, ովքեր ոչ մի կապ չունեին այդ երկու իսրայելցի երեխաների մահվան հետ: Ի դեպ, Իսրայելը ոչ մի պետության չհարցրեց, իր վրեժն ինչպես լուծի, նա անմիջապես անցավ հարձակման: Եվ գերտերություններից ոչ ոք չնախատեց Իսրայելին, որ մի ամբողջ Գազան հողին հավասարեցրեց:

Նույն Իսրայելից մեկ այլ դեպք, երբ հերթական իսրայելա-պաղեստինյան բախումը տեղի ունեցավ, հազարավոր պաղեստինցիներ, առանց տարիքային սահմանափակման, գերի ընկան Իսրայելում, իսկ պաղեստինցիները ընդամենը երկու իսրայելցի զինվոր կարողացան գերեվարել, այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ: Իսրայելը պահանջում էր իր երկու զինվորին: Եվ գիտեք այդ երկու զինվորին Իսրայելը քանի պաղեստինցիով փոխանակեց, չեք պատկերացնի, մի քանի հազար պաղեստինցի արժեին Իսրայելի 2 զինվորը: Պատկերացնո՞ւմ եք:

Իսկ Ադրբեջանում գերեվարված հայ շարքային քաղաքացի Կարեն Պետրոսյանին մորթեցին, նրա կյանքը մեկ գրոշ էլ չարժեցավ, քանզի այդպես էլ բարձր ամբիոններում չխոսվեց թշնամու վայրագության մասին: Հակառակը՝ 15-ամյա երիտասարդի սպանած ադրբեջանցիներին մեծահոգաբար դատում են Արցախում: 

Մեկ այլ օրինակ, որը Մերձավոր Արևելքում 2011թ-ի արաբական գարունների պատճառը դարձավ: Դեպքը տեղի ունեցավ Եմենում 2011-ի հունվարին: Մի եմենցու վարձակալաած կշեռքն առգրավվել էր թաղապետարանի կողմից: Եմենցին մի քանի օր պայքարեց, որ իր վարձակալած կշեռքը ետ վերադարձնեն, քանզի նա նորը գնել և տիրոջը վերադարձնել չէր կարող: Տեսնելով, որ պայքարն անիմաստ է, երիտասարդն իր վրա բենզին լցրեց և ինքնահրկիզվեց: Եվ ահա այս միջադեպը տեսանկարահանողները ողջ Ֆեյսբուքում տարածեցին և եմենցիներին կոչ արեցին դուրս գալ փողոց ու պայքարել հանուն հեղափոխության(իհարկե, չենք խոսում այս հեղափոխությունների բուն պատճառների և իրական կազմակերպիչների մտքում թաքնվածի մասին): Բազմահազարանոց ցույցեր սկսվեցին Եմենում, հետո Լիբիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, այն այսօր էլ շարունակվում է, հերթը հասել է Սիրիային, որը գրեթե հողին են հավասարեցրել այդ նույն միջազգային հանրույթը:

Ընդամենը մեկ հրկիզված եմենցին դարձավ արաբական աշխարհում հեղափոխության պատճառ:

Սրանք ընդամենը օրինակներ էին: Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Մեր թշնամին արդեն բազմիցս ցույց է տվել իր դեմքը, կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, խոշտանգեց, խեղեց ու մորթազերծ արեց հայ գերիներին, խփեց անզեն ուղղաթիռ՝ սպանելով 3 երիտասարդի, ամեն օր գնդակոծում է հայկական սահմանամերձ գյուղերը, խախտում հրադադարը: Իսկ մենք քրիստոնեաբար լռում ենք և առաջնորդվում, եթե մի այտիտ ապտակում են, մյուսն էլ դե՛մ տուր, սկզբունքով: Ինչո՞ւ: Բնականաբար չենք ուզում պատերազմ: Իսկ ո՞վ է ուզում: Բայց թշնամուն իր իսկ լեզվով պատասխանելն անհրաժեշտ է: Եթե սկզբում փորձում էինք չարտահայտվել և լռել՝ չփորձելով վտանգավոր երևույթների պատճառ դառնալ, բայց այսօր Ադրբեջանն իր պետական խողովակներով, արդեն իսկ չարձագանքված այս բազմաթիվ դեպքերից հետո, ուլտիմատումներ է տալիս՝ սպառնալով, որ հաջորդը սմերչով է մեզ խփելու: Պատկերացնո՞ւմ եք, ո՞ւր ենք հասել, որ վախկոտ թշնամին մեզ սպառնում է: Իհարկե, պատճառը մեր համեստությունն է, որն այսօր անտեղի է և նույնիսկ անհասկանալի: Անընդհատ հայկական կողմն է փորձում հարգել օրենքները, հարգել միջազգային հանրությանը, բայց անըդհատ միջազգային հանրությունն անարգում է հայկական կողմի շահերը՝ մեզ նույնպես հավասարեցնելով Ադրբեջանին: Միջազգային կառույցներն այդպես էլ խստագույնս չդատապարտեցին թշնամու որևիցե քայլ, և ամենևին էլ չողջունեցին հայկական կողմի բարեգթությունը: Իսկ ԵԱՀԿ-ն, որն իր վրա է վերցրել հակամարտության լուծումը, պարտավոր էր նույն օրը հայտնվել ուղղաթիռի ընկած վայրում և նույն օրը հայ օդաչուների դիերը տեղափոխել: Բայց ոչ, 6 օր անց նրանք նոր որոշել են գնալ տեղանքն ուսումնասիրելու: Այսինքն՝ այս կառույցը միայն հայտարարություն անելով է զբաղված՝ մոռանալով իրական առաքելության մասին: Այնպես, որ պետք չէր մտատանջվել թշնամուն համապատասխան վնաս հասցնելուց, հարկավոր էր նրանց լռեցնել, չնայած այսօր էլ ուշ չէ:

Վերջում նշեմ, որ մենք շատ ենք սիրում անհարկի տեղերում մեզ համեմատել իսրայելցիների հետ, ինչն անհեթեթ է, բայց այստեղ պետք էր պարզապես մի քանի ամիս առաջվա օրինակը ուսումնասիրել, ընդամենը երկու երեխա էին զոհը, և ողջ Գազան հողին հավասարեցվեց: Մենք այսքան կորստից հետո, նորից լռում ենք: Հարցերը բազմաթիվ են, իսկ պատասխաններ երբեք չենք ստանում: Մի՞գուցե սկսենք մենք զբաղվել մեր հարցրերով, իսկ միջազգային կառույցներն իրենց սիրած գործով՝ հայտարարություն տարածելով: