Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ

9

ԱԺ չորս խմբակցություններ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» այսօրվա դեպքերի վերաբերյալ ընդունել են համատեղ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը: Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, և քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը: 

ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով: ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն»): 

2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որևէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թևան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի: Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ»: