Հակառակորդն ուզում էր գրավել Սարսանգի և Մատաղիսի ջրամբարները և Մարտունի տանող ճանապարհը. Ա. Աղաբեկյան

10

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողությունների և թշնամու հավակնոտ պլանի շուրջ իր կարծիքն է հայտնել նախկին հրամանատար, Արցախի փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Աղաբեկյանը նշել է, որ հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: «Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները: Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները շատ արագ անցել են պաշտպանության»,-ասել է նա

Արթուր Աղաբեկյանը պարզաբանել է, որ մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Նա նշել է, որ եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չբավականացնեին. «Հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»:

Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում է կայացրել՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:

«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստորաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց` ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա` դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձեր անել` հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- ասել է Արթուր Աղաբեկյանը: