«Հազիվ էի շնչում, հիմա նորից քայլել եմ սովորում». կորոնավիրոսը հաղթահարած երիտասարդ. Azatutyun.am

17

«Չորս օրում անջատվեցի, ես չէի էլ պատկերացնում, որ կարա իմ հետ էդպիսի բան կատարվի», – կորոնավիրուսով հիվանդ 32-ամյա Վիլեն Խաչատրյանը, որը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում էր, երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկների գնահատմամբ՝ իրենց ամենածանր հիվանդն էր, կենտրոն էր ընդունվել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից մարտի 28-ին՝ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ։ Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին:

«Էդ չորս օրվա մեջ, կոպիտ ասած, ես սատկել եմ: Թորոսյանը գրել էր իր էջի վրա՝ 65 տոկոս շնչառություն կար, բայց ես կարծում եմ՝ ընդհանրապես 5-10 տոկոս ա եղել կամ սատկած վիճակ ա եղել», – ասաց Խաչատրյանը:

Ավելի քան 35 օր հիվանդանոցում է եղել, ասում է՝ կյանքի 6 օրը առհասարակ ջնջվել է հիշողությունից, հատվածական դրվագներ է հիշում։

«Մի քիչ ուշքի էի եկել, հիշում եմ, թե ոնց էին կերակրում, էդ շլանգով՝ անունը չեմ հիշում, շատ անգամներ հիշում եմ, թե ոնց էի բուժքույրերին կանչում, մի ձեռքով կապած, ասում էի, որ «քնաբեր տվեք, շնչափողն ա մաքրել պետք կամ լույսը խանգարում ա», էդ ընթացքում դե ձեռքերս կապած ա, որ ես ինքս էդ շնչափողը բերանիցս չհանեմ», – պատմեց Խաչատրյանը:

Վիլենի պատմությունը սկսվել է օդանավակայանից. մարտի 18-ին Շվեդիայից Ռուսաստանով Հայաստան է վերադարձել։ Պատմում է՝ օդանավերում ջերմաչափել են, տաքություն չի ունեցել, ինքնազգացողությունը լավ է եղել։ Իրադարձությունները հետո են կայծակնային արագությամբ զարգացել։

Հհարցին՝ Շվեդիայից գալուց հետո իրեն կարանտին չե՞ն տարել, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց.

«Առաջին օրվանից, ոչ, ասացին՝ «ինքնամեկուսացեք»: Ես Դավիթաշեն եմ մնում, մեր բալկոնը շատ մեծ ա, ես ընդեղ էի քնում, ոչ մեկին չէի կպնում, մյուս օրն է իմ մոտ մարդ եկել, որովհետև ինձ 5-6 տարի ոչ մեկ չէր տեսել, այդ տարբերակով սեղանի շուրջ նստել ենք: Ես զգում եմ, որ ոչ մի բան չունեմ: 4-5 օր անցավ, ավելի ճիշտ ծնունդիս օրն էր՝ մարտի 24-ն էր, մոտավորապես երեկոյան սկսեցի միանգամից ջերմել, հետո երեկոյան ես երկու հատ պարացետամոլ եմ խմում, մյուս օրը առավոտյան զարթնում եմ, տեսնում եմ, որ ջերմությունս 36,6 ա, մոտավորապես, որ ժամը 4-ն ա գալիս, ես նորից զգում եմ, որ ջերմություն ունեմ, դե ոնց որ մնացածի մոտ ձեռքերն ա սառում, գլուխն ա մի քիչ գրիպի պես ցավում: Ասի՝ լավ զանգեմ պոլիկլինիկա, զանգում եմ բժշկուհուն, բժշկուհին միանգամից զանգահարում է էդ մեքենաներին, իրենք գալիս են, ինձ տանում են «Նորք» ինֆեկցիոն, թեստ եմ տալիս, քանի որ տեղ չի լինում, գալիս եմ հետ տուն, մյուս օրը առավոտը ժամը 12-ին ինձ զանգահարում են, ասում են՝ «համեցեք՝ Ձեր մոտ դրական ա»:

Իր հետ շփված մարդկանցից միայն հայրն էր վարակվել կորոնավիրոսով. վերջինիս կյանքը, ավաղ, փրկել չի հաջողվել, ապրիլի 18-ին Վիլենի հայրը մահացել է կորոնավիրուսից։

«74 տարեկան էր և իր մոտ հարակից հիվանդություններ կաjին, որի պատճառով սենց ստացվեց», – ասաց Խաչատրյանը:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
 
Հիշեցնենք, որ Վիլենին բուժող բժիշկը ուրախությամբ հայտնել էր, որ վերջինս վերջապես ոտքի է կանգնել և դուրս գրվել հիվանդանոցից: