Կրեմլում ըմբռնումով են մոտենում շքերթին չմասնակցելու մի քանի երկրների ղեկավարների որոշմանը

1
Կրեմլում ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ մի շարք երկրների ղեկավարներ այս կամ այն պատճառով չեն կարողանա մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա, միաժամանակ, նշել է, որ ակնկալվում է զորահանդեսին շուրջ 10 պետությունների և մի քանի միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցություն։

«Մենք, անկասկած, ըմբռնումով ենք մոտենում մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հաղորդումներին, որ կցանկանային ներկա գտնվել տոնակատարությանը, բայց այս կամ այն պատճառով չեն կարող»,- նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ որոշ երկրների ղեկավարներ չեն կարողանա ՌԴ մայրաքաղաք ժամանել, առաջին հերթին, կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումների պատճառով։

Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, նշել է, որ Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին բարձրաստիճան հյուրերից ներկա կգտնվեն Աբխազիայի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի ղեկավարները։ Տոնակատարությանը կմասնակցեն նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։