Կրեմլի խոսնակները շարունակում են սպառնալ Հայաստանին

7

Ռուսական քաղաքական գործիչները շարունակում են սպառնալ Հայաստանին ու հայ ժողովրդին: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել 2009-2013 թվականներին Հայաստանում Ռուսաստանը ներկայացրած դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով հայտարարել է, որ Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում և պետք է ընտրություն կատարի, իսկ եթե սխալ լինի այդ ընտրությունը, ապա այն կարող է արժենալ պետականության կորստով: 

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կովանլենկոն մասնավորապես նշել է. «Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների: Եվ այստեղ հարցը սուր է դրված: Կարծում եմ, իրավիճակն այնպես է զարգանալու, որ Հայաստանից կպահանջեն կատարել այդ ընտրությունը: Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում: Եվ այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված՝ կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան», – ասաց նա:

«Ինչպիսի՞ն կլինի այդ պետությունը՝ Հայաստանը: Կմնա՞ արդյոք Հայաստանը որպես ինքնուրույն պետական կազմավորում՝ իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ, որը հարգանքի է արժանանում աշխարհում, թե՞ այն կմիանա այն արևտմյան արժեքներին, որոնց մասին այսօր սկսել են ավելի քիչ խոսել, որոնք այսօր նահանջել են հետին պլան, բայց դրանք գոյություն ունեն և միշտ էլ գոյությոն են ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը»,- նման հարցադրումներ արեց նախկին դեսպանը:

Նշենք, որ Կովալենկոն դեռևս հունիսին Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ միասին Հայաստանի Ազգային ժողովում պահանջեց ռուսերենը մեր երկրում դարձնել երկրորդ պետական լեզու:

«Խոսելով Մաքսային միության հեռանկարների մասին՝ պետք է ի նկատի ունենալ այս շատ կարևոր հանգամանքը: Կարծում եմ, որ հայերը, ովքեր հանդիսանում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, ովքեր վերապրել են այնպիսի ժողովուրդների, որոնք արդեն անհետացել են երկրի քարտեզից, այսօր ապրում են շնորհիվ ճիշտ ընտրության, ինչը նրանք միշտ կատարել են պատմական սուր պահերին: Ահա, այժմ այդպիսի սուր պատմական պահ է, երբ հայերը իրենց համար պետք է վերջնական որոշում կայացնեն»: