Կրակովում կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

4

Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, այն տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։

Հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Ժնևի գագաթաժողովին նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։