Կստորագրվեն ՌԴ-ի հետ զինտեխնիկայի մատակարարման պայմանագրերը՝ հստակեցնելով ժամկետները

5

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ նախագծով պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանձնարարվում է ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Նախագծով կառավարությունը հանձնարարեց նաև ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը: