Կուռքերն էլ սրբեր չեն

13

Երբ հայտնի դարձավ, որ թուրքական լրատվամիջոցին Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել և ընդունել «Ոսկե Սոսի» մրցանակը, ապա Հայաստանում բոլորը սկսեցին բողոքել, որ այ տեսնում եք՝ ինչ է անում Ազնավուրը: Թերթում գրվել է, որ Ազնավուրը ասել է. Ես անկախ դեսպան եմ, այսինքն` չեմ շարժվում, չեմ շարժվի և չեմ կարող շարժվել Հայաստանի հրահանգներով: Ես շարժվում եմ այն ճշմարտություններով, որոնք ես եմ ճանաչում: Իհարկե, Ազնավուրի կողմից քաղաքական նման պատասխանը շատ վիրավորական էր Հայաստանի Հանրապետության համար, քանզի դեսպան լինելով, նա ենթարկվում է ՀՀ կառավարությանը և իր ամեն քայլի համար պատասխանատու պետք է լինի, անկախ իր ցանկությունից:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Ազնավուրն ասել է. «Ես թուրք-վրացական ծագում ունեմ [նկատի ունի` մայրական կողմից Թուրքիայից է, հայրական կողմից` Ախալցխայի], ֆրանսիացի եմ և գրիգորյան [նկատի ունի` հայ առաքելական]: Աղջիկս ամուսնացել է ալժիրցու հետ: Այդ ընտանիքը մուսուլման է: Մյուս աղջկաս ամուսինը հրեա է: Մեր ընտանիքը կրոնական պատկանելության տեսանկյունից էլ շատ հարուստ է: Մեր ընտանիքի հարկի տակ ներկայացված են բոլոր կրոնները: Ոչ ոք մյուսի մտածողությանը և դավանանքին չի խառնվում: Վերջապես, երբ ամուսնանում էին, չեմ ասել, թե քո ամուսինը մուսուլման է կամ հրեա: Մեզնից յուրաքանչյուրը տարբեր ազգություների պատկանող մոտ ընկերներ ունի: Ինչքան գեղեցիկ է: Օրինակ` այս սեղանի շուրջ իմ կողքին նստած տիկինը` Ղադե Շաքիրը, իմ ամենամոտ թուրք ընկերն է»:

Այստեղ նորություն չկա, Ազնավուրը բազմիցս է ասել, որ ինքը աշխարհաքաղաքացի է, սիրում է բոլոր ժողովուրդներին, իսկ քանի որ հայերն իրեն շատ են գնահատում և սիրում ինքը չի կարող անտարբեր անցնել դրա կողքով: Էլ ինչ իմաստ ունի այս վայնասունը: Ազնավուրը խոսել է նաև ցեղասպանության մասին՝ ասելով, որ պետք չէ անընդհատ խոսել ցեղասպանության մասին, այսինքն՝ հարցազրույցի այս հատվածն էլ նորություն չէր: «Vivement dimanche» հաղորդման ժամանակ էլ մի քանի տարի առաջ հաղորդավար Միշել Դրյուկերի` ցեղասպանության մասին հարցին Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Դա խանգարող բառ է, այն նաև ինձ է խանգարում, այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարևոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, և թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»:

Բայց զավեշտալին Ազնավուրի հարցազրույցների շարքը չէ, և մասնավորապես այս վերջինը, այլ այն, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը  առանց որևէ լուրջ փաստարկի հերքում է Ազնավուրի հարցազրույցը և մրցանակի ընդունումը: Իհարկե, բոլոր լրատվամիջոցները խայծը ուտում են, դե Տիգրան Բալայանի գրածն օրենք է, բայց մի՞թե որևէ մեկի մոտ հարց չառաջացավ, որ Բալայանն իրավունք չուներ որպես ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ նման մերկապարանոց հերքում անելու: Բալայանը ամենաքիչը պետք է անձամբ Շառլ Ազնավուրի հետ կապ հաստատեր (եթե իհարկե, ուներ նման իրավասություն) և որպես դեսպան հարցներ, մի՞թե եղել է նման բան և բառացի հանրությանը փոխանցեր շանսոնյեի խոսքերը: Իհարկե, նման բան չի արել Բալայանը: Եվ արդեն մեկ այլ հարց է ծագում, թե ինչո՞ւ: Մի՞թե ՀՀ ԱԳՆ-ն մտածում է, որ հայ հասարակությունն այնքան տգետ է, որ իրենց բերանից թռած ամեն մի խոսքի հավատում է, և որևէ տեսակի հիմնավորումների կարիք չկա, կամ գո՞ւցե Ազնավուրը, իրոք, ինչպես թերթում ասել էր, անկախ դեսպան է և չի կարող շարժվել ՀՀ հրահանգներով: Ըստ այդմ՝ կարելի է հետևություն անել, որ ՀՀ ԱԳՆ-ն չի էլ կարող ընդդիմանալ, որ Ազնավուրն անկեղծանում է այս կամ այն միջավայրում:

Այլ հարց է, որ «Սիվիլնեթը» խոսել էր թուրքական թերթի խմբագրի հետ, ով նշել էր, որ իրենք մի քանի հարյուր հազարանոց ընթերցող ունեն և չէին կարող ստահոդ լուրեր հրապարակել, և լրատվամիջոցին էր տրամադրել Ազնավուրի հետ ունեցած նկարները:

Խնդիրն այն է, որ եթե մենք սիրում ենք որևէ մեկին, գնահատում նրա արվեստը, մեծարում նրա բարերար գործունեությունը, ապա պարտադիր չէ, այդ մարդուն դարձնել հայաստանյան իրականության մաս, պարտադիր չէ իրեն ֆրանսիացի, թուրք, վրացի, հայ ու մնացյալ ժողովուրդների մաս կազմող մարդուն դարձնել հայրենի դեսպան օտար ափերում և հետո կոծկել վերջինիս անկեղծ ելույթները:

Իրականում մեծն շանսոնյեի գործն է և իրավունքը ասել այն, ինչ ուզում է, իրեն համարել ֆրանսիացի, հայ, թուրք, հրեա, վրացի կամ ինչ-որ ուզում է, բայց այդ պարագայում կամ ՀՀ-ն պետք է նրան հեռացնի դեսպանի պաշտոնից, կամ շանսոնյեն ինքը պետք է ինքնակամ հեռանա, որ նման վայնասունների մեջ չընկնի՝ այս անգամ հրաժարվելով հայոց մեծ գնահատանքից:

Իսկ Հայաստանի մեծն դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը, ինչպես միշտ քնած է և ինչպես միշտ Հայաստանի դիվանագիտությունը կաղում է հենց նրա քնած լինելու պատճառով: Հայաստանը ներկայացնող դեսպաններն, իրոք, անկախ են իրենց գործերում, այնպես որ Ազնավուրը նրանցից ամենաազնիվն էր, որ գոնե ասաց, որ պարտավորություններ չունի:

Եվ վերջում: Հարկավոր է երգչին սիրել ու երկրպագել որպես երգիչ և երբեք չփորձել նրան սրբացնել: Ազնավուրը երբեք չի թաքցրել, որ ինքը սուրբ չէ, ուրեմն ինչո՞ւ նրան դասենք սրբերի շարքում: Նա պարզապես մարդ է, տաղանդավոր, սիրում է հայերին և ցանկացել է օգնել, մենք էլ հայերս սիրում ենք նրա արվեստը և բարի հոգին: Այսքանը բավական է, մնացած երկրպագություններն արդեն ավելորդ են:

Լուսանկարը՝ Սիվիլներթից: