Կորոնավիրուսով հիվանդների շրջանում ներկա պահին 660 մարդ թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ, 6 հիվանդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, ցավոք, մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Ընդհանուր առողջացածները 1572-ն են, փաստացի բուժվողները՝ 2218»,- հայտնեց առողջապահության փոխնախարարը։
Կառավարությունբ այսօրա նիստում ընդունեց արատակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը երկարաձգելու մասին որոշումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման պատճառները վարակի տարածման թվային ցուցանիշներն են, վարակի տարածման դինամիկան։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի շրջանառությունն այլևս չի վերահսկվում:
«Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը ենթադրում էր եզակի կամ բերովի դեպքեր, ապա այնուհետև մեր էպիդեմիան անցավ արդեն երկրորդ փուլ, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, այսինքն՝ որոշակի խմբերում՝ ընտանիքներում, արտադրամասերում և այլն: Եվ ներկայում էպիդեմիան արդեն Հայաստանում անցել է երրորդ փուլին, որը վերջին փուլն է, և իրականացվում է համայնքային փոխանցում արդեն: Սա նշանակում է, որ եթե առաջին օրերի ընթացքում մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»,- ասաց Նանուշյանը:














