Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով իրեն պաշտոնից ազատելու որոշմանը, գրել է․
Սիրելի քաշաթաղցիներ,
Այսօր շատերիդ պես սույն հղման տակ գտնվող տեսանյութից տեղեկացել եմ, որ ազատվել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են իրապե՛ս նոր Քաշաթաղի իմ առաջարկած տեսլականին և ինձ հետ՝ որպես մեկ թիմ, աշխատել ու չարչարվել են հանուն դրա իրականացման։
Այս պահին նպատակահարմար չեմ կարծում մանրամասն թվարկելը, թե միասին ինչ աշխատանքներ ենք կատարել մեր տեսլականի ճանապարհին․ մեր շրջանը փոքր է, իմ պաշտոնեական ու արտապաշտոնեական շփումներն էլ եղել են շատ անմիջական, ուստի իրականացված աշխատանքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունեցել է ձեզնից յուրաքանչյուրը։











