Հնարավո՞ր է առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում լինի,- հարցը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում, որ սակագնի փոփոխություն տեղի չունենա:
Շեշտելով, որ բազմաթիվ գործոններ են ազդում գազի սակագնի վրա, որոնցից մեկն էլ գազի գնման արժեքն է, որն ամրագրված է ավելի ցածր, քան միջազգային շուկայում և որն ի դեպ արտարժույթով է:
«Եթե մենք ունենանք հայկական դրամի տատանումներ, ապա այդ հարցին, բնականաբար, ամենայն հավանականությամբ անդրադարձ պետք է կատարվի: Ամեն դեպքում առ այս պահը բազմաթիվ ջանքերի շնորհիվ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել սակագներում, և այս պահին հայտ չկա ներկայացված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա սակագնի փոփոխության մասին կառավարությունը հստակ ոչինչ չի կարող ասել, ըստ Հարությունյանի, քանի դեռ չկա հանձնաժողովի որոշում: Հարությունյանը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կապեց ջրառատ տարվա հետ:
«Ընդհանուր առմամբ սակագինը հնարավոր է պահել ներկայիս մակարդակին: Եթե հանկարծ լինում է ջրազուրկ տարի, ջուրը քիչ է լինում, և հնարավոր չի լինում արտադրել էլեկտրաէներգիա, ապա պակասող էլեկտրաէներգիան լրացվում է ջերմակայանները շահագործելով, որի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է»,–ասաց նա։














