Կազատվի՞ Հայաստանը նոր աշխարհակարգի ճիրաններից

13

Հայաստանում այսօր իշխում է բարոյալքումը: Չկա մի ոլորտ որտեղ աղավաղված ու բարոյալքված չլինի համակարգը՝ լինի կառավարման համակարգ, կրթական, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլն: Ամենուր բացակայում է բարոյականն ու հոգևորը, և այս ամենին գումարած ճշմարտությունը բարձրաձայնելու վախը:

Իրականում միայն Հայաստանը չէ, որ այս վիճակին է: Համաճարակը ողջ աշխարհով մեկ թափառում է, և այնքան է արմատացել, որ դրանից բուժվելու դեղամիջոցի հայտնաբերումը դարձել է գրեթե անհնար: Ցավոք, Հայաստանն այլևս մաս է կազմում:

Ինչո՞ւ:

Երբ մեկ դար և նույնիսկ ավելի առաջ տեղի ունեցան աշխարհաքաղաքական իրադարձություններ, աշխարհի կառավարման ղեկն անցավ որոշակի կլանների, մոլորակը վերաձևվեց և սկսեցին տիրել ոչ թե բարոյական, հոգևոր և ազգային արժեքները, այլ միայն փողը և բարոյալքումը: Քանզի Հայաստանն այդ վերաձևումների մեծագույն զոհը դարձավ, ուստի այստեղ ևս սկսվեց գլխավորը համարվել փողը, քանզի այդ վերաձևումից փոխվեց նաև Հայաստանի կարգավիճակը:

Զարմանալի է, բայց Հայաստանն այսքան բարոյալքված նույնիսկ պատմության ամենադաժան պահերին չի եղել: Այսքան քրեածին ու փողամոլ միայն ներկա աշխարհակարգում կարող էր ձևավորվել:

Այն կլանը, որն այսօր իր ձեռքն է վերցրել Հայաստանը, պարզապես ստրուկ է դրսի կլանների ձեռքում: Աշխարհն այնպես են ձևել, որ փոքրիկ երկրները  միայն քրեածին տարրերը կարող են ղեկավարել: Փաստերը շատ են՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա և այլն:  Այս մանր օլիգարխիկները, ովքեր սեփական տաշտակը լցնելուց զատ ոչինչ չեն կարողանում մտածել, չնայած ուղեղի բացակայությունը ևս խանգարում է մտածելուն, նրանք ի վիճակի չեն հայ ազգի համար ստեղծել նորմալ պայմաններ, իրապես անկախ Հայաստան, որտեղ հայը կարող է ապրել և զարգանալ: Այս մանկլավիկները նշանակվել են հային բարոյալքելու համար: Եվ ակնկալել, որ այս տարրերը կարող են փոխվել կամ որևէ լավ բան անել, առնվազն միամտություն է:

Իսկ այս ամենի ետևում ճախրում է համընդանուր վախը, վախը լսելու և արտասանելու ճշմարտությունը: Մենք վախենում ենք իրերն իրենց անուններով կոչել, վախենում ենք պատմությանը առերեսվել, արդեն իսկ պատմության դատաստանի առաջ կանգնած մարմիններին վախենում ենք տալ ժամանակին իրենց տրված անունը, վախենում ենք փնտրել իրական մեղավորներին, վախենում ենք դավաճանին ասել, որ նա դավաճան է, վախենում ենք մեր տեսածը ընկալել, քանզի այնքան բարոյալքել ու արժեզրկել են մեր արժեհամակարգերը, որ ի վիճակի չենք սեփական ուղեղում որևէ բանաձևի փոփոխություն մտցնել, քանզի դրանք այնքան քարացել են: Եվ այսօր բողոքում ենք, որ Սերժը ուտում է Հայաստանի փողերը, վիրավորում է բոլորին, սփյուռքի առաջ մեղա է գալիս, բայց նույն սփյուռքին թույլ չի տալիս խառնվել իր գործերին, բողոքում ենք, որ Սերժի եղբայր Սաշիկը, փեսան ու մնացյալ բարեկամները գրավել են հայաստանյան շուկայում առկա բոլոր ոլորտները, բողոքում ենք քրեածին տարրերից՝ լիսկաներից, լֆիկներից ու մնացալից, դատական համակարգից, վարչապետից, բայց ի՞նչ ենք անում: Մենք այս բոլորը միայն մեր տանը բազմոցին նստած ենք ասում, լիսկայի ու լֆիկի մոտ կատվի պես կուչ ենք գալիս և ներս գցում ճշմարտությունը: Վախենում ենք նույնիսկ հասկանալ, որ Սերժը, Լևոնը, Քոչարյանն ու նրանց պնակալեզ շնիկները նույն կլանի ստրուներն են ու եթե ամեն մեկը ժամանակի ընթացքում իրեն հռչակում է ընդդիմադիր կամ իշխանամետ, չի նշանակում, որ իրենք «դավանափոխ» եղան, պարզապես իրենց դիմակներն են չափազանց շատ:

Խոսում ենք միայն արտագաղթից, բայց չենք խոսում, որ բարոյալքումն ու անհոգի ապրելն ավելի մեծ ազգասպանություն է, քան ազգի ֆիզիկական տեղահանումն ու բնաջնջումը: Առանց արժեհամակարգի ապրող ազգն ինքնին բնաջնջվում է, կապ չունի նա ապրում է Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս: Այսօր մեզ ներսից են բնաջնջում, իսկ մենք վախեցած նայում ենք ու զարանալիոեն չենք հասկանում: Մեզ ցույց են տալիս, որ ձեզ կարող են ղեկավարել տականքները, հանցագործները, խաղամոլներն ու դավաճանները, իսկ մենք լռում ենք՝ դրանով իսկ ավելի բարոյալքվելով:

Ամերիկյան արտահայտություն կա, որն այսօր ողջ աշխարհում շատ արդիական է. «Եթե չես կարողանում հաղթել, ապա միացի՛ր»: Պարզ է՝ ում պետք է միանալ: Մեր իշխանությունները փորձում են այս մեթոդով գործել՝ չհայտնվելով պարտվողի կարգավիճակում և դուրս չմնալով այժմյան աշխարհակարգից, բայց չեն հասկանում, որ իրենք ի սկզբանե պարտված են, քանզի ստրուկ են: Բայց վատթարագույնն այն է, որ  պարտված է ժողովուրդը, քանզի հաղթողները դրսից են: Շատերը փորձում են մեզ հաղթեցնել՝ միացնելով դրսի հաղթողներին, բայց դա ապարդյուն է, քանզի դրսի հաղթանակները բացառում են ազգային որևէ տարրի հաղթանակ: Նշանակում է՝ պետք է ապրել սեփական արժեհամակարգով, և հաղթանակները կերտել ներսում՝ հեռու մնալով դրսի կլաններից: Առաջին քայլը պետք է լինի դրսի կանոններով գործող այս ստրուկներին հեռացնելը և ազգային պետություն կերտելը: Իսկ մի՞թե այսօր մենք ի վիճակի ենք հասնել դրան: Ցավոք, վախկոտները տեղ չունեն այս աշխարհում: Ուրեմն, պետք է սկսենք ճշմարտության բարձրաձայնումից: