Ծխախոտը, օղին, դիզվառելիքը և ավտոգազը կթանկանան. «Ակցիզային հարկի մասին» օրինագիծն ընդունվեց

8

86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ՝ Ազգային ժողովը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մայիսի մեկից: Դրանով բարձրանալու են ծխախոտի, օղու և դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը, ակցիզային հարկատեսակ է սահմանվելու ավտոգազի համար:

Նշեմք, որ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նույնությամբ ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում պատգամավորներից որևէ գրավոր առաջարկ չի ներկայացվել:  

Այս օրինագծով առաջարկվում էր վերանայել ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, որի անհրաժեշտությունն, ըստ Միրումյանի, պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության իրագործմամբ:

Այս ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափը նխատեսվում է բարձրացնել 10 տոկոսով: Նախագծով առաջարկվում է նաև որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ, Միրումյանի խոսքով, բենզինի և դիզվառելիքի համար հաստատագրված չափեր են գործում, և 10 տարիների ընթացքում այս դրույքաչափերը չեն փոփոխվել: Առաջարկվում է նաև սեղմված բնական գազը ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում: