Ծառուկյանի դեմ գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Ալեն Սիմոնյան

9
Քրեական գործը թող շարունակվի, և եթե Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ քաղաքական առումով ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Երեկ շրջանառության մեջ հայտնված փաստաթուղթն, իմ տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ: Իսկ թե ինչու է այն հրապարակել Առողջապահության նախարարը, ասեմ, որ նա նախարար լինելուց բացի՝ նաև իշխող կուսակցության վարչության անդամ է: Եվ, վերջիվերջո, նորմալ է, որ ղեկավար կազմի անդամներն արձագանքում են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Նա քաղաքական գործիչ է», – ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ ինքը բարձր է գնահատում ԲՀԿ ղեկավարի քաղաքական գործունեությունը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ այն 2012 թվականի վաղեմության է և ամենևին համակրանքի նշան չէ, ինքն այժմ էլ կարող է հայտարարել, որ այդ ժամանակաշրջանում ՀՀԿ-ի դեմ պայքարի ռեալ շանսեր ունեցող միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդի դեմ գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, և քաղաքական որոշում չի կայացվել: