Այսօր ԱԺ-ն քննարկում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների մասին նախագիծը, որը վերաբերում էր բռնության քարոզի քրեականացմանը: Պատգամավորները շատ բուռն արձագանքեցին նախագծին՝ բերելով տարբեր օրինակներ և հարցում անելով նախագիծը բերողներին՝ արդյոք իրենց տվյալ քայլը բռնության քարոզ է, թե ոչ:
Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ նախագծի նպատակը շատ լավն է, բռնությունը երբեք ոչ ոք իրավունք չունի արդարացնել, սակայն օրենքը չի հստակեցնում և տեղիք է տալիս մեկնաբանությունների. «Երբ ես արդարացնում եմ «Նեմեսիս» մեր տղաների գործողությունները, երբ ոչնչացվեցին թուրքական կառավարության ղեկավարները: Ես լայքել եմ 2016 թվականի ապրիլի 8-ին մի հրապարակում, որտեղ ադրբեջանական գրոհայինների լեշերը փռած էր մեր նեյտրալ գոտում: Հիմա սա արդարացնում եմ, չեմ արդարացնում, ինչպես կարելի է դիտարկել: Ըստ օրենքի, սա կարելի է դիտարկել որպես բռնության արդարացում»:
Հետաքրքիր էր իշխող խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի մեկնաբանությունն այն հարցին, թե ինչպես պետք է վարվենք այն երգերի հետ, որտեղ թուրքերի մասին հիշատակումներ կան.
«Բռնության կոչերի մասին նախագծում ունենք մտահոգություն, որ կարող է մարդիկ ենթարկվեն պատասխանատվության մեր երգերի կամ արվեստի որոշակի գործերի համար։ Երբ որ այս երգում կամ առհասարակ մենք ասում ենք՝ թուրքերին ոչնչացնել կամ այլ բաներ, մենք դա ասում ենք որպես էթնո՞ս, թե որպես թշնամի, ո՞նց հասկանանք, թե որպես ինչ ենք ասում։ Մենք ունենք երգ, որում կան հետեւյալ բառերը՝ խփում ենք թուրքին ախպերս ու ես, հիմա ասում ենք՝ մտավախություն կա, կարող է այդ երգն ինչ–որ մեկը երգի և այս հոդվածով ենթարկվի պատասխանատվության»,- նշեց նա՝ շեշտելով, որ մենք թշնամի բառն օգտագործում ենք որպես թուրքին հոմանիշ, բայց չենք խոսում էթնոսի մասին:
Ըստ Գրիգորյանի, այն թուրքերը, որ հայերին պահում էին լավ թուրքեր էին. «Անմտություն կլինի հորդորել սպանել այդպիսի թուրքերին»:
Ինչ խոսք, չափազանց զավեշտալի է, երբ երկրում այսքան շատ ծառացած խնդիրները մի կողմ թողած մեր հայրենյան պատգամավորները քննարկում են մի աբսուրդային նախագիծ, որը կարող է բռնության քարոզ համարել մեր ազգային-ազատագրական երգերը: Միգուցե, այլ խնդիր է լուծվում սրանով: Պատգամավորի ելույթից (մասնավորապես, «լավ» թուրքերին առնչվող հատվածից) հասկանալի է դառնում, որ նրա համար չափազանցված են թուրքին թշնամի դիտարկելու եզրույթները, չգիտես՝ ինչու տարանջատումներ է մտցնում, խառնելով ամեն ինչ, երբ պարզ է, որ թշնամին տվյալ էթնոսին է պատկանում: Սակայն, ամենացավալին այն է, որ ԱԺ ամբիոնից «լավ» թուրքերի մասին է խոսվում` մոռանալով, այդ այսպես ասած լավ թուրքերը հայերին իբր փրկում էին` ստիպելով մոռանալ ոչ միայն լեզուն ու մշակույթը, այլև կրոնը։ Ցավոք, այդ ամենի մասին խոսվում է երկրի թիվ մեկ ամբիոնից, երբ Թուրքիան ամեն օր շարունակում է հակահայկական քարոզչությունը և թշնամանքի տարածումը: Հուսանք՝ մի օր չենք հասնի Հայոց Ցեղասպանությանը վերաբերող որոշ արտահայտությունների սրբագրմանը:
Իհարկե, մեղավորը այդ երիտասարդին մանդատ տվողներն ու այդ ամբիոնին հասցնողներն են:











