Խաղատնային մաֆիան այժմ էլ կաղավաղի Սևանի, Ջերմուկի ու Ծաղկաձորի երիտասարդներին

21

Լրատվամիջոցներում անդադար խոսվում է, որ 2014թ-ի հունվարի 1-ից Երևանում այլևս չեն գործելու խաղատներ և եղածներն էլ կփակվեն, կամ համապատասխան ներդրումներ անելով՝ կարող են տեղափոխվել հանրապետության ամենամենաշնորհային երեք քաղաքներ՝ Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր:

Այնպես չէ, որ խաղատնային բիզնեսով ամեն մեկը կարող է զբաղվել, և ում մտքով անցներ, այն ժամանակ կարող էր խաղատուն բացել, զինել մարդու հոգին խլող խաղային ապարատներով և հարստանալ: Բնավ՝ ոչ: Խաղատուն բացում են բոլոր նրանք, ովքեր սերտ կապեր ունեն երկրի իշխանությունների ու վերին օղակների հետ, քանզի բոլորիս էլ հայտնի է, որ խաղատանը պարտված գումարները միայն խաղատան տիրոջ գրպանը չեն գնում, և վերջինս միայն հարկերով ու տուրքերով չի ազատվում: Ինչպես նաև խաղատները երկրի մեջ քաղաքական, ոչ միայն տնտեսական առումով, մեծ դերակատարություն ունեն և իրենց համար նախատեսված աշխատանք են կատարում բիզնեսից զատ:

Այնպես, որ հարկ չկա անհանգստանալու, որ խաղատնային ոլորտը նույնպես մենաշնորհ է դառնում, քանզի այն ի սկզբանե մենաշնորհ էր: Պարզապես տարբերությունն այն է, որ ամեն մի խաղատուն իր առաջ մի նպատակ ունի դրած և ամեն մեկը իրեն համար նախատեսված մասսաների վրա է ազդում: Ասենք, եթե տխրենք, որ Փարաքարի խաղատները փակվելու են և սկսենք պաշտպանել այդ խեղճ Փարաքարի բիզնեսմեն խաղատների տերերին, ապա մենք մեծ մեղք կգործենք հանրության առաջ, քանզի Փարաքարի այդ չարաբաստիկ խաղատները նախատեսված էին ոչ թե օլիգարխների գումարները կորզելու (ովքեր էլ հանդիսանում են խաղատան տերերը), այլ Փարաքարում բնակվող ու աշխատող խաղամոլների կամ ապագա խաղամոլների համար: Եվ չթվա, թե այս խոսքերը օդից են, ոչ: Փարաքարցիների և այնտեղի կահույքային բիզնեսում աշխատողների մեծամասնությունը տանուլ էին տալիս ու մինչ հունվարի մեկը խաղում էին հենց այդ նույն խաղատներում: Շատերը մեծ գումարներ են պարտք այդ խաղատներին և բոլորին հայտնի ձևերով վերադարձնում են այդ գումարները:

Ինչ վերաբերվում է նրան, որ այժմ խաղատները գործելու են միայն հայտնի երեք քաղաքներում, սա պարզապես Երևանը այդ կեղտոտ մաֆիայից ազատելու խնդիր էր և ոչ թե մենաշնորհային դաշտ մտցնելու հետին մտքեր: Երևանում շուտ են բացահայտվում խաղատներում տանուլ տվողների անունները, իսկ այդ երեք քաղաքները շատ փակ են և կենտրոնացված մի քանի մարդու ձեռքում, ինչը թույլ չի տա լուրերի տարածմանը: 

Այնուամենայնիվ, խաղատնային բիզնեսը մարդկանց հոգեբանության վրա ազդելու, շեղելու և որոշակիորեն ուղղորդելու լավագույն միջոցն է: Խաղամոլները հոգեպես հիվանդ մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն խաղի տալ տունը, բիզնեսը, ընտանիքը, կնոջը, ինչ պատահի, միայն թվերը համապատասխանեն: Իսկ նշյալ երեք քաղաքներում սոսկալի վիճակ է սպասվում, տեղի երիտասարդներն են տալու իրենց տունը, փոքրիկ բիզնեսն ու կանանց, քանզի օլիգարխներն իրենց հիմած խաղատներում դժվար թե գումարներ տարվեն:

 Կառավարության հերթական ապազգային որոշներից մեկն էր սա: