«Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ Ծառուկյանի հետ՝ իշխանափոխության օրակարգի շուրջ

10
Խորհրդարանի դահլիճում մենք ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան, որ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում նաեւ հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իշխանփոխության վերաբերյալ որեւէ օրակարգ պատկերացնո՞ւմ են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, Մարուքյանը պատասխանեց. «Մեզ համար, քանի դեռ օրական 600 մարդ համավարակով պայմանավորված դառնում է վարակակիր, իրական 10 եւ ավելի մահեր ենք ունենում, մենք որեւէ հրաժարականի հարց չենք բարձրացնում, բայց նաեւ ասել ենք, որ համավարակի ավարտից հետո կամ թվերի նվազումից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»: