Լույս է տեսել Նորայր Ասրյանի «Քրմի ուղու առաջին քայլը» (Պարանորմալ ինֆորմատիկայի հիմունքներ) գիրքը: Գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է, քանզի փորձ է արվում վերականգնել նախաքրիստոնեական հայկական քրմական ուսմունքը, բացահայտել այդ վաղագույն շերտերի գաղտնիքները: Ստորև ներկայացնում ենք գրքից մի փոքր հատված՝
«Ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի օրենքներն ու սկզբունքները օբյեկտիվ իրականություն են ու անկախ մարդկանց ռասսայական, ազգային, դավանաբանական, կուսակցական պատկանելիությունից: Այդ օրենքները համասեռ են տիեզերքի բոլոր ուղղություններով և ենթակա չեն մարդու հայեցողական մոտեցմամբ փոփոխվելու: Այս հանգամանքը թույլ է տալիս այլ հեթանոս ազգերի մոտ իրենց քրմերի մասին պահպանված տեղեկությունների հիման վրա որոշակի եզրակացություններ անել նաև հայոց քրմերի մասին, քանի որ թե՛ այլազգի, թե՛ հայ քրմերը առաջնորդվել են նույն մետաֆիզիկական սկզբունքներով:
Մի կողմ թողնելով ամենատարբեր դավանանքների միստիկ ու էթնիկ առանձնահատկությունները՝ մետաֆիզիկայի տեսանկյունից մեծամասնության մոտ նկատելի է հետևյալ փաստը: Կառուցվածքային առումով քրմական համակարգերը բաժանվում են յոթ մասի: Հայոց Միհր Աստծո քրմապետությունը ևս բաժանված էր յոթ մասի:Այս աստիճանակարգերի բնույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց մետաֆիզիկական իմաստը կապված է այդ աստիճանակարգերից յուրաքանչյուրում քրմի գիտակցության մակարդակի հետ: Միաժամանակ հաշվի առնելով, որ քրմերի ընդահանուր զարգացումը բաժանվում է երեք մասի` ռազմիկի, վանականի և իմաստունի ուղիների, կարելի է ենթադրել, որ այդ յոթ աստիճանակարգերի ու երեք աստիճանի միջև պետք է կապ լինի: Այդ կապն, ըստ իս, պետք է լինի հետևյալը.
Մարդու գիտակցությունը բաժանվում է երկու մասի` եռաչափ և եռաչափից բարձր աստիճանների: Հաշվի առնելով, որ գիտակցական մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ կտրուկ անցումը համարվում է մարդու էներգոֆիզիկական վիճակի կտրուկ փոփոխություն` ստրես, քրմերը չէին կարող թույլ տալ նման բան: Հետևաբար`ըստ իս, վերը նշածս կապը հետևյալն է՝
Եռաչափ գիտակցություն
Ռազմիկի ուղի
Անցումային փուլ Ռազմիկի ու Վանականի ուղիների միջև
Վանականի ուղի
Անցումային փուլ Վանականի ու Իմաստունի ուղիների միջև
Իմաստունի ուղի
Եռաչափից բարձր գիտակցություն
Անցումային փուլ Իմաստունի և Եռամոգի միջև
Եռամոգի աստիճան
Այստեղ պետք է նշել, որ եռամոգը նույն իմաստունի ուղուամենաբարձր աստիճանն է, որի ընթացքում մարդը հասնում է «Տիեզերական գիտակցության»: Գիտակցության այս և մյուս աստիճանների մասին առավել մանրամասն կնշեմ այս աշխատության հետագա համապատասխան բաժիններում:
Ռազմիկի ուղի կարող է մտնել սկզբունքորեն յուրաքանչյուր ոք, ով չունի ֆիզիկական ու հոգեմտավոր որևէ արատ: Բայց արդեն հաջորդ իսկ փուլ անցնել կարող են միայն նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել որոշակի փորձություններ`մոգարգելքներ: Այս մոգարգելքները ստեղծվում են այնպիսի սկզբունքով, ըստ որի յուրաքանչյուր քուրմ, որը կփորձի անցնել հաջորդ գիտակցական աստիճան, անպայման պետք է հաղթահարի այդ փորձությունները կամ մահանա: Ձախողումը միայն մահացու ավարտ է ունենում: Սա բացառում է մոգարգելքների իմաստը հաջորդ հավակնորդներին հայտնի դառնալը, հետևաբար յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգ անցնում է միայն արժանին: Բնականաբար ամեն մի հաջորդ աստիճանակարգում հայտնվելու համար քուրմը պետք է հաղթահարի էլ ավելի խիստ մոգարգելքներ: Հասկանալի է, որ նման իրավիճակում առաջինից դեպի յոթերորդ աստիճանակարգ քրմերի քանակը պետք է նվազի: Քանի, որ հինգից վեցերորդ աստիճանակարգ անցման ժամանակ փոխվում է ոչ միայն քրմի գիտակցական մակարդակը, այլև գիտակցության աստիճանը`եռաչափից դեպի եռաչափից բարձր, ապա ակնհայտ է, որ Միհրի քրմապետության վեցերորդ և յոթերորդ աստիճանակարգերում գտնվող քրմերը կտրուկ առանձնանում են ստորին հինգ աստիճանակարգերում գտնվող քրմերից ու հանդիսանում են առանձին կաստա կամ օկուլտային օրդեն, որի առաջնորդն էլ հենց հանդիսանում է Հայոց Գերագույն Քուրմը:
Երկրորդ աստիճանակարգում ստեղծվում են նախադրյալներ, իսկ արդեն Վանականի ուղու ընթացքում քրմի մոտ ձևավորվում են պարանորմալ ունակություններ, որոնք իրենց զարգացումն են ստանում չորրորդ աստիճանակարգում և հասնում եռաչափ գիտակցության սահմաններում հնարավոր ամենաբարձր մակարդակի Իմաստունի ուղու ընթացքում: Այդ պարանորմալ ունակություններից ամենակարևորը քրմի գործունեության մեջ հանդիսանում է պայծառատեսությունը: Այսպիսի քրմերն ի զորու են լինում դառնալ միջնորդ մարդկանց ու բնության միջև: Նրանք կարողանում են ի շահ ազգի բարգավաճման ներդաշնակեցնել հասարակության զարգացման օրինաչափությունները բնության օրենքներին: Այսպիսի քրմերին, առանց վերապահության կարելի է համարել «Գերմարդ»:
Ինչ վերաբերում է բարձրաստիճան քրմերի կաստային, ապա նրա անդամների գիտակցությունը գտնվում է այլ`ավելի բարձր, չափողականության սահմաններում: Նրանք ունակ են հավուր պատշաճի ընկալել հիպերտարածությունն ու հիպերժամանակը: Նրանց համար «Հավիտենական ներկա» և «Մտքի /գերլուսային/ արագություն» հասկացություններն ունեն միանգամայն շոշափելի իմաստ: Նրանց համար այլևս չկա որևէ անհասկանալի բան Նյութ-Էներգիա և Էներգիա-Նյութ փոխակերպման գործընթացում: Այսինքն, նրանք ընդհուպ մոտեցել են տիեզերքի ընկալման խորագույն աստիճանին` Համատիեզերական Բանականության կամ Բացարձակ Գոյի ընկալմանը: Այս պատճառով էլ նրանց կարելի է անվանել «Կիսաստված», քանի որ ավելի բարձր գիտակցության տիեզերքում ունակ է միայն Համատիեզերական Բանականությունը, որին եռաչափ գիտակցությամբ մարդիկ անվանում են «Աստված»:
Չինական իմաստնությունն ասում է. «Ամենաերկար ճանապարհն անգամ սկսվում է առաջին քայլից»: Մեր պարագայում առաջին քայլը ինֆորմացիայի ստացումն է, հետևաբար՝ ես այս գրքում կքննարկեմ պարանորմալ ինֆորմացիայի ձեռք բերման մեթոդներն ու դրանցով ձեռք բերված ինֆորմացիաների բովանդակությունը: Պարանորմալ ինֆորմատիկայի հիմունքների իմացություն՝ սա է Քրմի ուղու առաջին քայլը:
Պարանորմալ ինֆորմատիկայի հիմունքներն այս կամ այն ձևով ու բովանդակությամբ հանդիսանում են էզոթերիկայի, պարահոգեբանության և օկուլտիզմի ուսումնասիրության առարկա, բայց վերջիններս ունեն մի շատ կարևոր բացասական կողմ, ինչը մեր համար անընդունելի է՝ դրանցում շատ են գիտությունից հեռու ամենատարբեր տեսակի «հիմնավոր» մեկնաբանություններն ու կրոնամիստիկ մոտեցումները: Նշվածից զերծ է մետաֆիզիկան, ինչն էլ կհանդիսանա այս գրքի հիմքը:
Մետաֆիզիկան էլ, բոլոր գիտությունների նման, ունի իր օրենքներն ու սկզբունքները: Այդ ամենը ծագել են անհիշելի ժամանակներում` սկսած այն պահից, երբ մարդարարածը փորձեց հասկանալ իր ու շրջապատող բնության միջև գոյություն ունեցող փոխառնչությունները:
Տասնյակ հազարավոր տարիների ընթացքում մետաֆիզիկան տարբեր ժողովուրդների մոտ զարգացել է համեմվելով կամ աղճատվելով տվյալ ժողովրդի կրոնադավանաբանական և ազգային ավանդույթներով: Մետաֆիզիկան էլ իր պատմության ընթացքում ունեցել է անկումներ ու վերելքներ, որոնց արդյունքում հղկվել և որոշակի տեսք են ստացել նրա օրենքներն ու կանոնները: Այժմ մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ արդեն պետք է գտնել պարանորմալ երևույթների գիտական մեկնաբանություններ: Համենայն դեպս`փորձել տալ գիտական բացատրություններ այն ամենին, ինչը հնարավոր է մեկնաբանել այսօրվա գիտության զարգացածության աստիճանով, որքանով մեր գիտելիքները թույլ են տալիս դա անել:
Մարդն ու տիեզերքն, ամենատարբեր կրոնների ու օկուլտային դպրոցների կողմից մասնատվել են տարբեր քանակի և որակի բաժինների: Մասնավորապես քրիստոնյաներն ու մահմեդականները մարդուն և տիեզերքը բաժանում են երկու մասի` նյութական և հոգևոր, իսկ Արևելքի էզոթերիկայում սրանց ավելանում է նաև ոգեղենը: Ընդ որում, սրանցից յուրաքանչյուրը ևս բաժանվում է տարբեր մասերի, որոնց տրվում են միանգամայն տարաբնույթ հիմնավորումներ: Չնայած այս բազմազանությանը, ֆիզիկայի տեսանկյունից մարդը և տիեզերքը բաժանվում են ընդամենը երկու մասի` նյութական ու էներգետիկ: Այսինքն՝ ֆիզիկան մարդուն ու տիեզերքին դիտում է որպես նյութի ու էներգիայի համակցված համակարգեր: Պարզ է, որ մեզ շրջապատող բնությունը, նույնպես, բաժանվում է երկու մասի` նյութական աշխարհ ու էներգետիկ աշխարհ: Մարդու կենսագործունեությունն այս երկու աշխարհների հետ շփումների ամբողջությունն է»:
Գրիքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութից։














