Բելառուսը չի արգելափակի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Տեղեկանում ենք Lenta.ru-ից:
«Մենք չենք արգելափակի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Եթե մենք չենք կարող մեծ քայլ անել, ապա մենք կփորձենք առաջ շարժվել ավելի փոքր քայլերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր հայտարարի են եկել. «Մենք պայմանավորվել ենք, որ աստիճանաբար կնվազեցնենք մաքսավճարների դրույքաչափերը: Մոտակա տարում վերջիններիս կեսը կմնա բելառուսական բյուջեում, ենթադրում եմ, որ դա կկազմի 1.5 մլրդ դոլար»:
Բելառուսի նախագահի փոխանցմամբ` մայիս ամսվա ընթացքում Բելառուսը կստանա Ռուսաստանի կողմից խոստացված 2 մլրդ դոլար վարկը, որը կուղղվի երկրի ոսկեարժութային պաշարների ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին եռակողմ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 29-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:











