ԼՀԿ պատգամավորը 80 հազար դոլարանոց ժամացույց է նվեր ստացել. ով է նվիրողը. Հետք

7
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 80 հազար դոլար արժողությամբ ժամացույց է հայտարարագրել։ Այս մասին գրում է Hetq.am-ը: 

«Ժամացույցը նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից, ով դեռ 2018 թվականի դեկտեմբերին՝ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, նվիրել էր։ Ընկերս մեծահարուստ չէ, ժամացույցը նվիրելու պահին աշխատում էր տեղեկատվական տեխնոլոգիաների բավականին առաջատար ընկերությունում։ Սակայն այդ ժամացույցը իր գումարով ձեռք չի բերել, բավականին երկար տարիներ առաջ այդ ժամացույցը նվեր էր ստացել»,- պարզաբանեց պատգամավորը։

Ըստ Կոստանյանի՝ ժամացույցը «Patek Philippe» ապրանքանիշի է։

Պատգամավորը աչքի չի ընկնում ունեցած գույքով, ֆինանսական միջոցերով և եկամուտներով։ Ըստ հայտարարագրի՝ չունի բնակարան, որևէ անշարժ գույք կամ մեքենա։ Աննա Կոստանյանն ասաց, որ այս պահին վարձով է բնակվում, սակայն չի մտածում ժամացույցը վաճառելու և բնակարան գնելու մասին. «Քանի որ ժամացույցը հուշանվեր է ինձ համար, եթե կյանքում ինչ որ մի ծայրահեղ իրավիճակի չհանդիպեմ, մինչ այդ պահը հաստատ այդ ժամացույցը չեմ վաճառի։ Ամեն դեպքում, շատ մտերիմ անձից նվեր է»,-նշեց պատգամավորը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրից