Լիսկայի որդուն ձերբակալել են

10

Հայաստանի դատախազության փոխանցմամբ հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ձերբակալվել են Զարզանդ Նիկողոսյանը և Տիգրան Խաչատրյանը:

«Հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքում գտնվող, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս երկու անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ: 
Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, հունիսի 2-ին որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում»:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

«ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին և 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը: Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առնչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը»: 

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը 8-ից մինչև 15 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության համար, 235-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ապօրինի զենքին: