Միշտ դժվար է խոսել հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ սահմանին կատարվող իրավիճակի մասին: Համակարգչի առաջ չես կարող ապրել այն, ինչ ապրում է սահմանի վրա ապրողը կամ զինվորը: Դա է պատճառը, որ չափազանց բարդ է գրել սահմանին տեղի ունեցող դիվերսիաների ու մարտերի մասին: Բարդ է, քանի որ ցանկացած գրած տող կարող է ընթերցողին հոգեբանական ծանր կացության մեջ գցել, քանզի ընթերցողը կարող է լինել զինվորի մայր, ում որդին հենց այդ պահին թշնամու դեմ հերոսաբար կռվում է, բարդ է, քանզի գոյություն ունեն որոշակի էթիկայի կանոններ, որոնք խախտելով՝ վնասում ես ոչ թե քո սեփական եսին, այլ հայրինիքիդ, և հատկապես բարդ է այս իրավիճակը բացատրել մարդկանց, ովքեր նույնպես համակարգչի առջև նստած են, բայց կարողանում են իրարանցում մտցնել մի ամբողջ հայ հասարակության ներսում՝ ապավինելով միայն սեփական անունը բազմիցս կարդացողների հաշվին սեփական ինքնագնահատականը բարձրացնել:
Բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ սառն են դատում, գիտեն, որ հայ-ադրբեջանական պատերազմը ոչ մի օր էլ չէր վերջացել: Պատճառն էլ պարզ է. Արցախն ազատագրել ենք, բայց միջազգային հանրությանը ձեռք չի տալիս այս հանգամանքը, ուստի պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հարցը վերջնական լուծում կստանա: Ուստի, խուճապի մեջ գցել բոլորին, որ պատերազմ է սկսվում, աբսուրդ է, այն ոչ մի օր չի դադարել, քանզի ամեն օր թշնամին կրակում է մեր սահմանի ուղղությամբ: Խոսել, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, սա առնվազն ազգային դավաճանություն է, քանզի այս կերպ ոչ միայն թշնամու ջրաղացին ես ջուր լցնում, այլև հենց այդ սահմանի վրա ապրող գյուղացուն ու այդ սահմանի զինվորի արժանապատվությանն ես դիպչում՝ տեսնելով նրանց անձնազոհ քայլերը: Սահմանամերձում ապրող գյուղացին՝ նա կլինի Մովսեսից, Չինարիից, Բերքաբերից, Կարմրաղբյուրից, Ոսկևանից կամ մնացյալ գյուղերից, բոլորիցս լավ նա է հասկանում և գիտակցում թշնամուն առերեսվելու հոգեբանությունը, հենց այս մարդիկ են ամեն օր պայքարում թշնամու դեմ և կանգնում մեր զինվորի կողքին, իսկ մենք գրում ենք, որ լքում են իրենց բնակավայրերը: Ախր, այստեղ ծնված երեխան առաջին իսկ օրվանից լսել է թշնամու կրակի ձայնը, և առաջին իսկ օրվանից տեսել է այն հերոս տղաներին, որ ամեն օր հետ են շպրտում թշնամու զինուժը: Այդ նորածին երեխան բարոյապես և հոգեպես ավելի կոփված է, Երևանում ապրող և բազմաթիվ դիպլոմներ ունեցող արկածախնդիրներից: Այնպես որ, պետք չէ այդ մարդկանց արհեստական տեղահանել:
Պետք է հստակ գիտակցենք, որ սահմանին կանգնած մեր զինվորը հայ է և չի կարող ընկրկել թշնամուն: Հայը միշտ պայքարել է և կռվել թշնամու դեմ՝ երբեք չմտածելով նահանջի մասին: Միայն պայքարող ու թշնամուն հաղթող ազգը կարող էր հազարամյակներ գոյատևել, իսկ փաստն այն է, որ մենք ապրում ենք և կռվում, իսկ հազարամյակների խորքում մեր ճանապարհին հանդիպած շատ ազգեր այսօր կամ չկան, կամ հայրենիք չունեն:
Ինչ վերաբերվում է միջազգային հանրության լռությանը: Միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ն, առանձին պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Սրանք բոլորն իրենց շահերն ունեն ցանկացած տարածաշրջանում և ցանկացած հակամարտությունից: Ակնկալել, որ ԵԱՀԿ-ն պետք է դաս տա Ադրբեջանին, ծիծաղելի է: ԵԱՀԿ-ի ֆորմատն, ի սկզբանե, դեմ է հայկական շահերին, Մադրիդյան սկզբունքերը դեմ են Հայաստանի շահերին և աշխատում են հօգուտ Ադրբեջանի, այնպես որ, այս կառույցը հազիվ սոցիալական ցանցի մակարդակով արձագանքի թշնամու հարձակումներին: ՀԱՊԿ-ն ինչո՞ւ է լռում: ՀԱՊԿ-ն միշտ էլ լռել է սահմանային խախտումների առումով և երբեք չի փորձել Ադրբեջանին հանդարտեցնել: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն խոսում երկու կողմերի մասին և ոչ միայն Ադրբեջանի, որովհետև ԱՄՆ-ին հետաքրքիր չէ, թե Հայաստանն ազատագրել է Արցախը, որ այն մեր պատմական հայրենիքն է, որ Ադրբեջանը խախատում է հրադադարը, այս պահին ԱՄՆ-ին հետաքրքրում են իր շահերն այս տարածաշրջանում, թեկուզ դա լինի լայնամասշտաբ պատերազմի գնով: Գազայի դեպքերն արդեն ցույց են տալիս ԱՄՆ-ի իրական դեմքը, երբ հազարավոր պաղեստինցիներ բնաջնջվում են, իսկ ԱՄՆ-ն խոսում է մեկ իսրայելցու առևանգման մասին: Ռուսաստանը ևս երկակի խաղ է խաղում: Ինչո՞ւ ենք զարմանսում, այս երկիրը միշտ մեզ օգտագործել է, բայց միշտ գործել է մեր դեմ: Այսօր Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Արցախի հարցն իր ձեռքերից դուրս չգա: Գաղտնիք չէ, որ Պուտինը տարածաշրջանը հենց այս հակամարտությամբ է պահում: Զինում է Ադրբեջանին, բայց բարի շան աչքերով նայում է Հայաստանին: Արցախյան պատերազմի տարիներին ռուսական բանակը Հայաստանի դեմ էր գործում, բայց միշտ համարվել է մեր եղբայրը:
Պարզապես պետք է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները դատել ոչ թե սեփական եսի սահմաններում, այլ ավելի լայնամասշտաբ: Աշխարհում վերաբաշխումներ են կատարվում և Արցախյան հակամարտության լուծումն այս պահին ավելի է բարդանում, քանզի տարածաշրջանում Ռուսաստանն ավելի կոշտ է գործելու՝ ելնելով Արևմուտքի ու Եվրոպայի ճնշումներից:
Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն այսօր օգտվում է նաև աշխարհում տիրող ծանր իրավիճակից: Ռուս-ուկրաինական պատերազմը, իսրայելա-պաղեստինյան, Սիրայի, Իրաքի իրավիճակը, Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Ալիևին թվում է, որ իր այս քայլերն աննկատ կմնան և ինչպես միշտ ջրից չոր դուրս կգա՝ ունենալով նույն միջազգային հանրության օգնությունը:
Ինչևէ, կարևորը մեր բանակի պատրաստվածությունն է և հայ զինվորի կամքն ու հայրենասիրությունը: Այսօր պետք է չսպասենք որևէ մի կառույցի արձագանքին, այլ պետք է հույսներս մեզ վրա դնենք, ինչպես որ անում ենք: Հայաստանի համար միայն հայը կպայքարի, օտարները միայն շահ են հետապնդում:
Իսկ եթե խոսենք Հայաստանի իշխանությունների մասին, թե այս օրերին ինչ էին անում, ապա ոչինչ չի փոխվել, ԱԳՆ-ն Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ ոչինչ չասող ելույթներ է ունենում՝ կոշտ գնահատականների փոխարեն, Սերժ Սարգսյանը օտար լրատվամիջոցների բերանով է խոսում: Սակայն մի դրական քայլ կա, Սարգսյանն այլևս չի խոսում իր բարեկամ Ռուսաստանի աջակցության մասին, արդեն շեշտում է, որ հույսներս մեզ վրա ենք դնելու: Այստեղ դրականն այն է, որ գոնե մեկ անգամ Սարգսյանն ազնիվ է ինքն իր հետ և երևակայական բարեկամների օգնության չի կանչում:
Մեզ մնում է միայն օգնել սահմանին ապրողին ու պաշտպանողին, ոչ մի կերպ կասկածի տակ չդնել հայ զինվորի քաջությունը, և երբեք չվախենալ թշնամուց, քանզի նրան միշտ հաղթել ենք:
Իսկ թշնամուն ոչնչացնելիս զոհված զինվորներն ապացույցն են այն բանի, որ այս սերունդն ավելի շատ հերոսներ է իր մեջ կրում:











